Դեսպան Ղազարյանն այցելեց Իտալիայի Մարկե նահանգի մայրաքաղաք Անկոնա
Հուլիսի 28-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Մարկե նահանգի մայրաքաղաք Անկոնա, որտեղ հանդիպում ունեցավ նահանգային խորհրդի նախագահ Լուկա Չերիշիոլիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և նահանգի միջև, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով հարաբերությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատման, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Նահանգային խորհրդի նախագահ Լուկա Չերիշիոլին գոհունակություն հայտնեց Հայաստանի դեսպանի մակարդակով նահանգ երբևէ կատարած առաջին այցի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նահանգային մակարդակով աջակցել տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Այցը լայնորեն լուսաբանվեց իտալական լրատվամիջոցների կողմից: