Գերմանիան պատրաստ է Իրանին տարեկան մինչև 5 մլրդ եվրոյի ապրանք վաճառել
Գերմանաիրանական առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Դանիել Բերնբեկը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է անմիջապես սկսել մինչև 5 մլրդ եվրոյի ապրանքի մատակարարումը Իսլամական Հանրապետությանը:
Վերջինիս խոսքով՝ նման համագործակցությունից գերմանական կողմը բարձր արդյունքներ է ակնկալում:
Մասնավորապես, Գերմանիան մտադիր է Իրանի հետ համագործակցել ջրային տնտեսության, նավթագազային արդյունաբերության, էներգետիկայի, բժշկական սարքավորումների արտադրության, մասնագիտացված մեքենաշինական արդյունաբերության ոլորտներում:
Հիշեցնենք, որ Թեհրանում է գտնվում Գերմանիայի փոխկանցլերի գլխավորած 60 հոգանոց պատվիրակությունը, որը բանակցություններ է անցկացնում՝ համագործակցելու նպատակով: Գերմանիայի փոխկանցլերն առաջին բարձրաստիճան արևմտյան պաշտոնյան է, ով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքից հետո այցելել է Իրան: