«Սպարտակի» պատմության մասին հրատարակած գրքից ջնջել են Գարի Կասպարովի անունը
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովի անունը ջնջել են «Սպարտակ» մարզական ընկերության պատմության հոբելյանական հրատարակությունից:
Ռուսաստանցի շախմատիստ և գրականագետ Եվգենի Գիկը, որը գրքի համար երկու հոդված էր պատրաստել՝ Տիգրան Պետրոսյանի և Գարի Կասպարովի մասին, հրատարակված գրքում չի հայտնաբերել Կասպարովի մասին նյութը և բացատրություն է խնդրել հրատարակիչներից:
«Ներողամիտ ձայնով հրատարակիչներից մեկն ինձ ասաց, որ վերջին պահին Կասպարովի մասին հոդվածը հեռացրել են: Ինքս նման բան չէի սպասում: Ինչ որ մեկը ամենավերին ատյաններից հաստատ միջամտել է», ասել է Եվգենի Գիկը:
Նշենք, որ 2015 թվականին լրացել է «Սպարտակ» մարզական ընկերության հիմնադրման 80-ամյակը: Այդ առթիվ հրատարակվել է հոբելյանական գիրքը, որի հերոսներն են դարձել տարբեր մարզաձևերում սպարտակցիների ավելի քան երկու հարյուր հանրահայտ և ականավոր ներկայացուցիչներ:
«Սպարտակի» ներկայացուցիչներն ու գրքի հրատարակիչներն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Ինքը՝ Գարի Կասպարովը, մեկնաբանելով այս ամենը, նշել է. «Եթե իմ անունը ցանկանան ջնջել ռեկորդների յուրաքանչյուր խորհրդային և ռուսական գրքից, ապա, դրա համար պետք է շատ չարչարվեն»: