211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:59 14-07-2015

Լյուբլինի քաղաքապետը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի քաղաքներից մեկի հետ

Հուլիսի 9-ից 10-ը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Լեհաստանի Լյուբլին քաղաք: Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը մասնակցեց «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում կազմակերպված մի շարք մշակութային միջոցառումների, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Լյուբլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հուլիսի 9-ին դեսպանը ներկա գտնվեց Արցախյան պատերազմին նվիրված արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը: Հուլիսի 10-ին դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Լյուբլինի քաղաքապետ Քշիշտոֆ Ժուկի հետ: Հանդիպման ընթացքում Լյուբլինի քաղաքապետն իր ցանկությունն ու պատրաստակամությունը հայտնեց՝ համագործակցել Հայաստանի քաղաքներից մեկի հետ՝ այդ համագործակցությունը որպես առիթ օգտագործելով տնտեսական և մշակութային բազմաշերտ կապերի խորացման նպատակով: Առանձնակի կարևորություն տրվեց կրթության որոտում համագործակցության զարգացմանը: Դեսպան Ղազարյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ինչպես «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում հայ արվեստագետների հյուրընկալության, հայկական մշակույթը Լյուբլինի հասարակությանը ներկայացնելու հնարավորության, այնպես էլ ս/թ. մարտին Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգի կազմակերպման համար: Նույն օրը Լյուբլինի դոմինիկյան տաճարի քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը վերաբերող քննարկում «Հայաստանը 100 տարի անց» թեմայով: Քննարկմանը ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, հայագետ Անդժեյ Պիսովիչը, պրոֆեսոր Հուբերտ Լաշկևիչը և Հայաստանից հրավիրված արվեստագետ Ռուբեն Մալայանը: Քննարկումը նախագահում էր Դոմինիկյան եկեղեցու քահանա Թոմաս Դոստատնին:

Նմանատիպ նյութեր