211652_close_icon
views-count1207 դիտում article-date 14:59 13-07-2015

Բացվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրով և ջերմությամբ ողջունում եմ ձեզ ձեր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Սիրելի´ պատանիներ և աղջիկներ, կատարվել է բոլորիդ երազանքը և դուք արդեն ձեր Հայրենիքում եք: Երկար տարիներ ձեզ պատմել են Հայաստանի, Արցախի մասին, և դուք, ունենալով տեսական գիտելիքներ, այսօր արդեն տեսնում եք այն ամենը, ինչի մասին լսել եք: Այս օրերը ձեզ համար պետք է դառնան միմյանց և Հայրենիքը ճանաչելու օրեր: Դուք կայցելեք պատմամշակութային տարբեր վայրեր: Ամենակարևորը՝ ձեռք կբերեք նոր ընկերներ, նոր բարեկամներ և, ինչու՞ ոչ, նոր ընտանիք: Այս օրերի ընթացքում դուք պետք է խոսեք միայն հայերեն և ավելի կատարելագործեք ձեր հայերեն խոսքը»: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև հյուրընկալ ընտանիքներին, ովքեր ստեղծել են բոլոր պայմանները երիտասարդներին ընդունելու համար: Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին: Սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Արմեն Պալյանին (Հորդանան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը: «Արի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունեց Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում են Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաներին, իսկ այս տարի հյուրընկալել են 19 երիտասարդի: Ներկաներին ողջունեց նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-գործիքներ բաժնի ուսանողները՝ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ: Ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից: Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձորում:

Նմանատիպ նյութեր