2645 դիտում
20:22 12-07-2015
Հասմիկ Պողոսյանը Վրաստանի իր գործընկերոջը առաջարկել է հեռուստատեսային, ջազային կամ համերգային համատեղ նախագիծ իրականացնել
Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Միխեիլ Գիորգաձեի գլխավորությամբ։ Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակներում 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ վրացական կողմի մասնակցությունը կարևոր և զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին:
Միխեիլ Գիորգաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության եւ հետաքրքիր ծրագրի համար։
Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային հարաբերություններն ունեն դինամիկ զարգացման միտում և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն և մշակութային ժառանգություն (հուշարձանների պահպանություն և վերականգնում, թանգարաններ) , որոնք վերջին տարիներին ստացել են նոր որակական դրսևորում, Հասմիկ Պողոսյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության համար իրավական հիմքերի ապահովումը, ինչի համար լավագույն միջոցը միջնաժամկետ համագործակցության ծրագրերի մշակումն է:
ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացել է վրացի գործընկերոջը, որ 2015 թ. լրանում է «ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև 2013-2015թթ. համագործակցության մասին» ծրագրի գործողության ժամկետը և առաջարկել է սկսել նոր ծրագրի ստորագրման գործընթաց: Կողմերը պայմանավորվել են երկարաձգել փաստաթղթի գողծողության ժամկետը եւ այն դարձնել առավել գործնական։
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն իրենց կառուցողական համագործակցությունը Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, որը երկու երկրների միջև ձևավորված կառուցողական գործունեության դրսևորումներից է:
Հասմիկ Պողոսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերնորոգման և ամրակայման հարցում հետևողականության համար։
Անդրադառնալով «Համագործակցություն» նախագծին՝ Հասմիկ Պողոսյանն ասել է, որ նախագծի շրջանակում ընթացքի մեջ է հայ-վրացական կոմպոզիտորական փառատոն – համերգը, որն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի կոմպոզիտորների միությունների կողմից։
ՀՀ մշակույթի նախարարը Միխեիլ Գիորգաձեին առաջարկել է հեռուստատեսային, ջազային կամ համերգային համատեղ նախագիծ իրականացնել։
Միխեիլ Գիորգաձեն ՀՀ մշակույթի նախարարին տեղեկացրել է, որ Վրաստանը «Ստեղծագործ Եվրապա» ծրագրի պաշտոնական անդամ է՝ առաջարկելով Հայաստանի հետ որպես գործընկերներ՝ մշակութային համատեղ ծրագիր մշակել և ներկայացնել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերականգնող-ճարտարապետների (ռեստավրատոր) մասնագիտությունը «ծերացող» է, առաջարկվել է երկու երկրների երիտասարդ մասնագետներին վերապատրաստել ՝ ներառելով իտալական փորձը։
Համատեղ ծրագրերի շարքում է նաև «Կինոէքսպրես» ծրագիրը, որը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի կողմից հավանության է արժանացել։ ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է առաջիկայում այն իրականացնել Ջավախքում։ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայուն համագործակցություն է ծավալում վրաց կինեմատոգրաֆիստների հետ. այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի 3 ֆիլմ։
Անդրադառնալով «Երևան-Թբիլիսի տրանզիտ» երաժշտական նախագծին՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայկական կողմը հարցը բարձրացրել է դեռևս նախորդ տարի, համատեղ իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է այն իրականացնել երկու երկրների նախարարությունների աջակցությամբ:
Հանդիպման ավարտին Միխեիլ Գիորգաձեն Հասմիկ Պողոսյանին նվիրել է 2014 թվականին Թբիլիսիում հրատարակված հայ-վրացական «Հին վրացերեն-հին հայերեն» փաստագրական բառարանը, որի հեղինակը Իլյա Աբուլաձեն է։
Նմանատիպ նյութեր
12843 դիտում
16:16 27-09-2014
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարպետորեն պատրաստեց սուջուխ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1021 դիտում
16:24 29-09-2014
Աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուային ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
Այս բաժնից
625 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
619 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար