211652_close_icon
views-count1309 դիտում article-date 14:36 03-07-2015

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսահայ բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝ Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզի գլխավորությամբ, տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերին` նրանց թվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է իր հյուրասիրությամբ, բնությամբ և պատմությամբ, և որի զարգացման գործում դուք ևս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետն ընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերի իրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքների բնագավառներում: Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝ կարևորելով նորակառույց շենքի դերը համայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարը խոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ տնտեսության զարգացման շնորհիվ բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողի վրա: Հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր