211652_close_icon
views-count867 դիտում article-date 12:25 03-07-2015

Դպրոցականների ամառային ճամբարներում բոլոր պայմաններն ապահովված են

ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի Ծաղկաձորի և Հանքավանի դպրոցական ճամբարներ է մեկնելու երևանաբնակ շուրջ 1175 երեխա։ Առաջին հերթափոխով ճամբարներ մեկնածները 425-ն են։ Ճամբարական երեխաներին հերթական անգամ այցելել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ծանոթացել ճամբարների պայմաններին, զրուցել երեխաների հետ։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը շրջել է ճամբարների սննդի պահեստներում, խոհանոցներում, ճաշարաններում, բուժկետերում։ «Խախտում չենք արձանագրել. ստուգել ենք սննդի ժամկետները, չափաբաժինը, սննդակարգը։ Սանիտարահիգիենիկ պայմանները, երեխաների կեցության պայմանները նույնպես բավարար են։ Ճամբարի առօրյան էլ հագեցած է մարզական, կրթական ու ժամանցային միջոցառումներով։ Յուրաքանչյուր ջոկատում երեխաներ կան և՛ Երևանից, և՛ Հայաստանի տարբեր մարզերի համայնքներից, ինչը ևս կարևոր հանգամանք է. երեխաները ծանոթանում են, նոր ընկերներ ձեռք բերում»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։ Ամառային ճամբարների պայմաններն ու երեխաների առօրյան Երևանի քաղաքապետարանի մշտական հսկողության կենտրոնում են։ Ճամբարներ պարբերաբար այցելում են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Ծրագրի շահառու երեխաները տարբեր սոցիալական խմբերից են՝ հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 4500 երեխաներ՝ ողջ Հանրապետությունից։

Նմանատիպ նյութեր