211652_close_icon
views-count1000 դիտում article-date 15:51 02-07-2015

Կենգուրու մրցույթին Հայաստանից և Արցախից մասնակցել է 45 հազար աշակերտ

2014-2015 ուսումնական տարին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցականների համար, առարկայական օլիմպիադաներին ու գիտելիքի խրախուսմանը միտված տարբեր մրցույթների մասնակցելու առումով, հաջողված է եղել: Ինչպես ՀՀ ԿԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները 2014 թվականին նվաճել են 20 մեդալ /1 ոսկի, 9 արծաթ և 11 բրոնզ/: ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղեկացմամբ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի 1500-ից ավելի դպրոցականներ մասնակցել են 16 առարկայական օլիմպիադաների. "Հաղթողներից ձևավորվել է միջազգային առարկայական օլիմպիականների թիմը: Հայաստանում հաջողություններ արձանագրած 27 դպրոցականներ 6 առարկաներից մասնակցելու են միջազգային օլիմպիադաների: Այս օրերին երեխաները գտնվում են ամառային ճամբարներում և պատրաստվում են միջազգային օլիմպիադաներին",- տեղեկացրել է Ն. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ գիտելիք խրախուսմանը միտված միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել "Կենգուրու" մաթեմատիկական շարժումը, որը տարեցտարի ավելի զանգվածային է դառնում Հայաստանի և Արցախի դպրոցներում: Ասուլիսին ներկա "Այբ" կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում "Կենգուրուն" անցկացվում է յոթերորդ, իսկ Արցախում 5-րդ անգամ: Այս տարի "Կենգուրու" մրցույթին մասնակցել են Հայաստանի և Արցախի 1068 դպրոցների 3-12-րդ դասարանների շուրջ 45 հազար աշակերտներ, որն աննախադեպ ցուցանիշ է եղել: Նրանցից 4-ը դարձել են մրցույթի հաղթողներ, 1389-ը՝ մրցանակակիրներ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել պատվոգրի. "Կենգուրուն մասսայական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի փորձել սեփական ուժերը՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից: Այս մրցույթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ երեխաների արդյունքները համեմատվում են ոչ թե մյուս մասնակիցների ցուցաբերած արդյունքի, այլ նախապես սահմանված անցումային շեմերի հետ, ինչը հնարավորություն է տալիս, որ մրցույթում հաղթող ճանաչվեն մեծ թվով երեխաներ",-նշել է Դ. Սահակյանը՝ ավելացնելով, որ սա երեխաների համար հնարավորություն է՝ միանալու միաջազգային մեծ շարժմանը: Օգտագործելով առիթը՝ Դ. Սահակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ և ԼՂՀ դպրոցներին՝ մրցույթի կազմակերպմանը ակտիվ մասնակցելու համար: "Կենգուրու" շարժմանը մասնակցում են 70 երկիր և ավելի քան 7 մլն երեխա. ամեն տարի նույն օրը, նույն ժամին նրանք միասին կենտրոնանում են մաթեմատիկայի նույն խնդիրների շուրջ: Մրցույթի մասնակցության ցուցանիշով Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է՝ դպրոցականների մոտ 11 տոկոսը մասնակցում են "Կենգուրուին": Նշենք նաև, որ ասուլիսին ներկա են եղել նաև մրցույթի հաղթողները՝ Էրիկ Մելիքյանը, Սերյոժա Դանիելյանը, Սերգեյ Ներսիսյանը և Արտաշես Գյոլեցյանը:

Նմանատիպ նյութեր