Բաղրամյան պողոտան նախորդ գիշերների նման բազմամարդ չէ. հավաքվածներից ոստիկանությունը պահանջում է լռել
Բաղրամյան պողոտան գնալով` նոսրանում է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, որոշ ակտիվիստներ ընթացքում ելույթ են ունենում: Նրանք պայքարը շարունակելու կոչեր են անում, բայց ոչ մի մարտավարություն նրանց ելույթներում չկա:
Ի դեպ, մի քանի երիտասարդ փորձում են կառավարել հավաքը, սակայն ոչ մի մեկնաբանություններ չեն տալիս` ասելով, թե մարտավարություն են մշակում:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նաեւ մոտեցավ հորդորեց, որ շնորհակալություն հայտնեն ներկաներից եւ ճանապարհեն, բայց համաձայնության չեկան եւ շարունակում են հավաքը:
Ավելի ուշ էլ Վ. Օսիպյանը պահանջեց` լռել, քանի որ 23.00-ն անցել է: Բայց հավաքվածները սկսեցին էլ ավելի բարձր բացականչել:
Պողոտայում է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հերթական անգամ կրկնեց, որ այնտեղ է` բախումների դեպքում այն ինչ-որ չափով կանխելու համար:
Երկար բանավեճի արդյունքում` աղմուկը դադարեցրեցին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։