211652_close_icon
views-count1036 դիտում article-date 16:41 29-06-2015

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը զգուշացնում է

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից խոտածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Միայն վերջին տասնօրյակում անտառամերձ և խոտածածկ տարածքներում արձանագրվել են 50-ից ավելի հրդեհներ: Ներկայումս աշխարհում առաջանում են տարեկան 200 հազարից ավելի անտառային հրդեհներ, ընդ որում այդ թիվը տարեցտարի ավելանում է: Վնասը, որ դրանք պատճառում են մարդկությանը, ահռելի է հատկապես, եթե հաշվի առնվեն ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի վնասները: Այդ իսկ պատճառով անտառային հրդեհների դեմ պայքարի պրոբլեմի արդիականությունը տարիների ընթացքում չի նվազում, այլ ավելանում ու սրվում է` կախված երկրագնդի բնակչության թվաքանակի աճից: Անտառային հրդեհները, ընդգրկելով զգալի տարածքներ, ավերիչ ազդեցություն են ունենում անտառային ռեսուրսների վրա, ոչնչացնում են ֆլորան ու ֆաունան, վնասում հողաշերտն ու աղտոտում մթնոլորտը: Դրանց հետևանքով զանգվածային հրդեհներ են առաջանում անտառներին հարակից բնակավայրերում, շարքից դուրս են գալիս կապի ու էլեկտրահաղորդման գծերը, փայտաշեն կամուրջները, գյուղատնտեսական ցանքատարածությունները և այլն: Չնայած նրան, որ վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպես, օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, այդուհանդերձ հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային հրդեհների կանխարգելման համար արգելվում է` - վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով. - նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ. - որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր. - ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում. - շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ. - ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում. - կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ). - արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ. - թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն: Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի: Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: Սակայն, որքան էլ ցավալի է, դեռևս մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անփութությամբ վնաս են պատճառում անտառին: Ամեն տարի ամռանը, հատկապես երաշտի պայմաններում, տարերային գործոնների և բնակչության անզգուշության հետևանքով անտառներում և խոտածածկ տարածքներում տեղ-տեղ բռնկվում են հրդեհներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տնտեսությանը, մարդկանց կյանքին ու անվտանգությանը: Հրշեջներն, իհարկե, հարկ եղած դեպքում պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին: Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ` ծանր հետևանքներից: Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր կանաչ բարեկամին` անտառը, նրան զերծ պահել ամենավտանգավոր թշնամուց` կրակից: Չէ՞ որ անտառը համաժողովրդական սեփականություն է, ամենքիս հարստությունը: [b]ՀՀ ՏԿԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ Սերգեյ Հայրապետյան [/b]

Նմանատիպ նյութեր