211652_close_icon
views-count1761 դիտում article-date 12:44 29-06-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մի շարք մարզերում ( մասնավորապես Արմավիր, Արարատ, Սյունիք, Արագածոտն, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: ՀՀ գյուղատնտեսության նախարարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում 1/ Կրակ վառել 2/Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել 3/Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել 4/Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ: Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյա հսկողություն: Անտառային հրդեհների ծագման դեպքում հորդորում ենք անմիջապես զանգահարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 911 հեռախոսահամարով կամ «Հայանտառ» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարներով` ժամը [b]9.00- 18.00 ` 65-01-24, 65-47-28 , իսկ 18.00- 9.00 ` 077999991, 93401112 և 93715858[/b] /բջջ./:

Նմանատիպ նյութեր