635 դիտում
21:24 26-06-2015
Ադրբեջանի շարունակական սպառնալիքները անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը և վնասում են կազմակերպության հեղինակությանը. Հ. Նաղդալյան
Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ ,,Ոչ ատելությանը,, խորհրդարանական ալյանսի հանդիպումը` ,,Նեո-ռասիզմի ճանաչումն ու կանխարգելումը,, թեմայով, որի շրջանակներում ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բարձրաձայնեց մի շարք մտահոգություններ` կապված Ադրբեջանում ահագնացող քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության քաղաքականության դրսևորումների հետ:
Ելույթն ամբողջությամբ` ստորև.
,,Հարգելի գործընկերներ,
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սանտերինիին` գերազանց արված ու շատ կարևոր աշխատանքի համար, քանի որ այսօր, 21-րդ դարում, երբ քաղաքական ծայրահեղականության դրսևորումները նոր ձևավորում են ստանում և դառնում ավելի ու ավելի ինտենսիվ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, առավել քան երբևէ, բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին անհանդուրժողականությունն է, ռասիզմն ու այլատյացությունը: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ շարժով պայմանավորված, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, որն
առաջ է բերում նոր սոցիալական եւ մշակութային մարտահրավերներ:
Այս առումով, անհանդուրժողականությունն այսօր Եվրոպայի լրջագույն խնդիրներից մեկն է: Հարավային Կովկասի տարածաշրջանը, ցավոք, ականատեսն է այսպիսի ռիսկերի: Ինչպես արդարացիորեն նշում է զեկուցողը «Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը»: Մեր հարևան ադրբեջանական իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հնչող Հայաստանին և հայերին ուղղված ատելության կոչերը և պատերազմական հռետորաբանությունը, տահոգության լուրջ առիթ են , քանի որ այն հաճախ հանգեցնում է սահմանի վրա անմեղ կյանքերի կորստի:
Ադրբեջանի նախագահը իր հրապարակային ելույթներում ողջ հայ ժողովրդին դիտարկում է որպես « թիվ մեկ թշնամի», և այն, ինչ ամբողջ աշխարհում համարվում է հանցագործություն , Ադրբեջանում գնահատվում է փառահեղ արարք, ինչպես և տեսանք Սաֆարովի դեպքում, ով ազատ էր արձակվել և հերոսի կոչում ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից` հայ զինվորին քնած վիճակում կացնահարելու համար: Բարձրաստիճան գեներալները, հնչեցնելով իրենց նախագահի խոսքերը, հայտարարում են, որ յուրաքանչյուր հայ պետք է սպանվի:
Տիկնայք և պարոնայք, սա վտանգավոր ուղի է, որն ազդում է ոչ միայն երկրի ներկայի, այլև ապագայի վրա: Առավել ցավալի է, որ երկրում թշնամանքի և այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` Ադրբեջանի երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում:
Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու երկու երկրների հասարակությունների միջև` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության են հանդիպում և դաժանորեն ճնշվում:
Մենք պետք է վճռական լինենք արմատախիլ անելու նման դրսևորումները աշխարհի յուրաքանչյուր անկյունում` մեր հաջորդական գործողություններով, որոնք միտված են առանց բաժանարար գծերի Եվրոպա ունենալուն,, :
Նմանատիպ նյութեր
6244 դիտում
14:15 04-07-2017
«Քաղաքական կոռուպցիան լրջորեն վնասում է միջազգային կազմակերպությունների հեղինակությանը». Արմեն Աշոտյան
2803 դիտում
15:38 18-05-2021
Անհամաչափ գործողություններ, անհարիր պահվածք. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Այս բաժնից
1231 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1051 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
865 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել