ԵՄ-ն կտեղաբաշխի ներգաղթյալներին, սակայն առանց քվոտաների
Փախստականներին Եվրոպայի երկրներում քվոտաներով տեղաբաշխելու նախագծի առաջարկը մերժվել է: Սա է Եվրամիության գագաթաժողովի ներգաղթի շուրջ քննարկումների հիմնական արդյունքը: Գաղափարի հեղինակը Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին է, որը բուռն քննարկումների ժամանակ մի կերպ է զսպել զայրույթը, քանի որ գործընկերները չեն ցանկացել Իտալիայի հետ կիսել ապօրինի ներգաղթյալների ճակատագրի պատասխանատվությունը:
Պաշտոնապես հայտարարվել է, որ Եվրամիության 28 երկրները համաձայնության են եկել, ըստ որի ներգաղթյալներին կբաշխեն տարբեր պետություններում, սակայն չի հաղորդվում ինչ սկզբունքով: Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան պնդում են, որ տեղաբաշխումը իրականացվի կամավորության սկզբունքով: