22022 դիտում
18:19 24-06-2015
«Հայջրմուղկոյուղու» չինովնիկները Արարատի մարզի Նորաբաց գյուղում իրենց դրել են 7 գլխանի հրեշի տեղը` ողջ գյուղին թողնելով ջրին կարոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկուկես ժամ է` Արարատի մարզի Նորաբաց գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու դիմաց են հավաքվել գյուղի բնակիչները, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն տևական ժամանակ է` գյուղն ունի խմելու ջրի խնդիր:
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ նախկինում գյուղին ջուր էր մատակարարում «Երևան ջուր»-ը` խնդիրներ չունեինք` և’ ջրի մատակարարման և’ որակի հետ կապված: Սակայն մոտ 5 տարի առաջ գյուղի ջրի մատակարարումով սկսեց զբաղվել Մասիսում գործող «Հայջրմուղկոյուղի» կազմակերպությունը ու վայ էդ մատակարարմանը: Հայտնի հեքիաթի հերոսի` 7 գլխանի հրեշի նման նստեցին ջրի ակունքին ու բոլորս դարձանք ջրին կարոտ: Ջուրը մեկ –մեկ է մատարակարարվում, բայց` վայ ջրի որակին. ծորակը բացում ես` համ հոտից ես խեղդվում, համ էլ ջրի միջից ավազ ես հավաքում»:
Այս օրերին առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե անհրաժեշտ գործողություններ ենք կատարում, որպեսզի թունավորման դեպքեր տեղի չունենան, նկատի ունենալով Արմավիրի մարզում երեխաների թունավորման հայտնի դեպքերը:
«Թող հլը միհատ կառավարության անդամները, մարզպետարանի չինովնիկները գան գյուղ ու ոչ մի տեղ չմտնեն` մենակ մանկապարտեզ. Տեսնես իրենց բալեքին էս ջուրը կտա՞ն: Եթե 2-3 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի` ապա ողջ գյուղով մի մարդու նման գնալու ենք վարչապետի դուռը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղի բնակիչները պարտաճանաչորեն վճարում են ջրի դիմաց, սակայն ստացվում է` մի բան չունենալու համար իրենց «Հայջրմուղկոյուղի»-ն թալանում է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտնեց, որ խնդրին տեղյակ է. պատճառը վթարներն են և իր կարգադրությամբ «Հայջրմուղկոյուղի»-ն այս պահին վթարի վերացման աշխատանքներ է կատարում: Սակայն գյուղացիները դարձյալ արդարացիորեն բարձրաձայնում են` ասելով. «Էս կարողա՞ «Հայջրմուղկոյուղի»-ն Նոյան տապանն է սարքում. 2 ամիսա չի կարողանում վերացնել վթարը, մինչդեռ կոմունիստների ժամանակ գյուղն ունեցել է որակով ջուր և սնվել է «Երևան Ջուր» ընկերությունից, սակայն որոշ մարդկանց ագահության շնորհիվ ջրի խողովակներն ապամոնտաժել և իբրև բարի կամքի դրսևորում` նոր ջրախողովակներ են տեղադրել ու ստացվել է` ունքն ուղղելու փոխարեն` աչքն են հանել: Ճիշտ կլինի, որ նախկինի նման գյուղին ջուր մատակարարի «Երևան Ջուր» -ը»:
Անգամ սոցիալական այս բարդ պայմաններում գյուղացիները պատրաստ են իրենց միջոցներով այդ աշխատանքները կատարել, միայն թե օրեկան գոնե 6 ժամ ունենան որակյալ և անխափան մատակարարում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+