13780 դիտում
12:39 24-06-2015
19-ամյա վարորդը Արագածոտնի մարզում «06»-ով հայտնվել է ապառաժ քարերի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 65 ԼԼ 569 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 19-ամյա Արսեն Սարոյանը Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 60 մետր շրջվելով՝ գլորվել ձորը՝ բախվելով ապառաժ քարերին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ա. Սարոյանն ու ավտոմեքենայի ուղևորներ, 18-ամյա Սարո Մխիթարյանը և 18-ամյա Հովհաննես Աթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազաբալոնի գազի արտահոսքը և մեծ դժվարությամբ կարողացել են անջատել մարտկոցը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Արդեն առավոտյան փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի և քարշակի միջոցով ավտոմեքենան դժվարությամբ կարողացան դուրս բերել ձորից և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+