Հայաստան-Պորտուգալիա. մեր տղաները երեք գոլ նվիրեցին Ռոնալդուին եւ ցավալի պարտություն կրեցին
Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի 5-րդ խաղում 2:3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին: Եվ նորից ցավալի պարտություն: Եվ նորից մեր հավաքականը առաջինը բացեց խաղի հաշիվը՝ Մարկոս Պիզելիի ֆանտաստիկ հարվածից հետո:
Եվ չի կարելի ասել, թե պորտուգալացիները ինչ որ հրաշք ֆուտբոլ էին ցուցադրում, կամ ակնհայտ ուժեղ էին մեր տղաներից: Կամ ասել, որ Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկը խոսում է նրա տաղանդի մասին: Երեք գոլ մեր հավաքականը բաց թողեց, և ճիշտ կլիներ ասել, երեք գոլ նվիրեց պորտուգալացիներին: Ընդ որում, այդ սխալները ոչնչով հիմնավորված չէին, նման սխալներից խուսափելու համար պարտադիր չէ լինել եվրոպական մակարդակի ֆուտբոլիստ:
Ինչևէ, կարելի է նաև գովեստի խոսքեր ասել մեր հավաքականի հասցեին: Նրանք շատ դրվագներում ոչնչով չէին զիջում պորտուգալացիներին, իսկ երկրորդ խաղակեսի վերջին 20 րոպեում բացահայտ տիրել էին նախաձեռնությանը: Սակայն շտապողականությունը, գրոհների վերջնամասում կատարողական վարպետության պակասը իրենց գործն արեցին:
Այս հանդիպումը առաջինն էր Սարգիս Հովսեփյանի համար՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, և ընդհանուր առմամբ, նա վատ աշխատանք չէր տարել: Հաշվի առնելով, որ մեր հավաքականը արդեն կորցրեց Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելու նույնիսկ տեսական հնարավորությունը, այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ նոր թիմ կառուցելու վրա:
Այս խաղից հետո մեր հավաքականը մեկ միավորով մնաց վերջին տեղում, իսկ պորտուգալացիները 12 միավորով ավելի ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքերը:
[b]Եվրո-2016, Հայաստան - Պորտուգալիա՝ 2:3[/b]
Մարկոս Պիզելի, 14, Հրայր Մկոյան, 71 – Կրիշտիանու Ռոնալդու, 29 (11մետրանոց), 55, 58
Հեռացում՝ Տիագո Մենդեշ, 62