211652_close_icon
views-count4577 դիտում article-date 02:09 07-06-2015

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» փառահեղ հաղթանակ տարավ` 3:1 եւ նվաճեց Գավաթը

Չեմպիոնների լիգայի 2014/2015 մրցաշրջանի հաղթող դարձավ «Բարսելոնան»: Թերեւս, ավելի տրամաբանական ելք հնարավոր չէր պատկերացնել: «Յուվենտուսը» հիանալի մրցակից էր: Արժանի դիմադրություն ցույց տվեց, բայց հենց դիմադրություն: Ավելին տուրինյան ակումբը ի վիճակի չէր: Այսօրվա «Բարսելոնան» մի կարգ բարձր էր իր բոլոր մրցակիցներին: Եկեք հիշենք. «Բարսելոնան» այս հաղթանակի ճանապարհին անցել է Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ` վերջապես` Իտալիայի չեմպիոնի արգելքները: Միայն այս փաստը բավական է, որպեսզի «Բարսելոնայի» տրիումֆը համարվի տրամաբանական: Չենք ցանկանում ինչ որ մանրամասն վերլուծել եզրափակիչ խաղը: Բոլորս էլ տեսանք, որ այնտեղ խաղում էին այս պահի դրությամբ աշխարհի ուժեղագույն երկու թիմերը: Նրանցից ավելի ուժեղ գտնվեց «Բարսելոնան»: Հետաքրքիր է, որ կարծիքներ են հնչում, որ Մեսին եզրափակիչում առանձնապես աչքի չընկավ, նույնիսկ գոլ չխփեց: Իրականում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը հենց Մեսին էր: Քանի որ «Յուվենտուսը» մի քանի հոգով անընդհատ ճնշման տակ էր պահում Մեսիին, դա բերեց նրան, որ կատալոնական հարձակողական հրաշալի եռյակի մյուս անդամները` Նեյմարն ու Սուարեսը, ազատ գործելու ավելի շատ հնարավորություն էին ստանում: Եվ նրանք դրանից օգտվեցին: Եթե «Յուվենտուսը» հաղթեր, ոչ ոք չէր ասի, թե նա արժանի չէ այս հաղթանակին: Մասիմիլիանո Ալեգրին իսկապես փայլուն թիմ է ստեղծել, որը գոնե համառությամբ, համարձակությամբ ոչնչով չէր զիջում «Բարսելոնային»: Բայց ահա թիմային խաղով եւ տակտիկապես, «Բարսելոնան» այսօր հավասարը չունի աշխարհում: Կատալոնացիները հաղթեցին 3:1 հաշվով եւ նվաճեցին այս մրցաշրջանում երրորդ տիտղոսը: Եվ հինգերորդ անգամ նվաճեցին Չեմպիոնների գավաթը: Լուիս Էնրիկեն առայժմ կրկնում է Խոսեպ Գվարդիոլայի ճանապարհը: Տեսնենք, թե այս «Բարսելոնան» մինչեւ որտեղ կհասցնի իր նվաճումները: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:3 Ալվարո Մորատա, 55 – Իվան Ռակիտիչ, 4, Լուիս Սուարես, 69, Նեյմար, 90+6
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր