211652_close_icon
views-count760 դիտում article-date 13:55 06-06-2015

Միշտ պատրաստ ենք ոգեշնչել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցնելու հարցում. Տարոն Մարգարյան. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել այցելել տեսակցելու իրենց զավակներին: Այս տարվա առաջին այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների կողքին: «Արդեն երրորդ տարին է, որ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար կազմակերպում ենք այս այցելությունները: Ուզում եմ հատուկ նշել, որ այս հարցում մեր մոտեցումը հստակ է՝ իրենց զավակներին այցելելու ցանկություն հայտնող բոլոր ծնողների համար ապահովելու ենք այդ հնարավորությունը: Ի դեպ, երբ առաջին անգամ կազմակերպեցինք ծնողների այցը սահմանամերձ զորամասեր, ոմանք փորձեցին մեր այս նախաձեռնության տակ ուղղակի նախընտրական քարոզչություն տեսնել, ընդ որում, աջ ու ձախ հայտարարում էին, թե դա շարունակություն չի ունենալու: Ես չգիտեմ, թե այսօր այդ մարդիկ ինչ երեսով են նայում բոլոր այն ծնողների աչքերին, որոնց փորձում էին համոզել, որ հենց այդպես էլ կլինի, բայց ես համոզված եմ, որ նույն այդ ծնողներն այսօր հաստատ գիտեն, թե ում խոսքն ինչ արժեք ունի: Ու նաև ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած մեր այս ծրագիրն իսկապես հաջողվել է և մեկ անգամ էլ վստահեցնում եմ, որ լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հարկ է նշել, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջնակում 2013թ-ից սկսած արդեն շուրջ 4000 ծնողի ընձեռվել է այս հնարավորությունը: Ավելին, տարեկան արդեն առնվազն երկու անգամ են այսպիսի այցելություններ կազմակերպվում: «Մեր նպատակը ծնողներին տեղում իրենց զավակների ծառայության պայմաններին ծանոթանալու հնարավորություն տալն ու, ինչու չէ, նաև մեր զինվորներին էլ վստահություն հաղորդելն էր, որ հարազատ քաղաքն իրենց հետ է, իրենց ծնողների կողքին: Ու մենք գործով ապացուցեցինք մեր նպատակի արդարացիությունն ու անհրաժեշտությունը: Այսօր ոչ միայն ծնողներն ու մեր զինվորները, նաև ոլորտի պատասխանատուներն են փաստում, որ մեր այս ծրագիրն իր կարևոր դերակատարումն է ունեցել բանակ-հասարակություն կապի ամրապնդման հարցում: Ավելին, սկիզբ է դրվել ևս մեկ գեղեցիկ ավանդույթի. Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում և գալիս տուն: Եվ այս ծրագիրը նույնպես լինելու է շարունակական: Նաև ուզում եմ նշել, որ հերթական այս այցելության շրջանակում մենք հաճելի անակնկալներ ենք պատրաստել մեր զինվորների համար, որի մասին ուղղակի հիմա չեմ բարձրաձայնի: Այդ մասին նրանք տեղում կիմանան: Միայն ասեմ, որ այդ անակնկալները ևս կլինեն շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ: «Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ գործընկերոջը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այս նախաձեռնության համար, որն անչափ կարևոր է: Այն իսկապես կարևոր խորհուրդ ունի և ապահովում է բանակ-հասարակություն կապը: Բանակն, իսկապես, հասարակության, ծնողների կողմից աջակցության կարիք ունի, քանի որ իրենց զավակների հետ կապը բարձրացնում է մեր զինվորների ոգին և ծնողներն էլ հնարավորություն են ունենում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Ինչու չէ, եթե կան բացթողումներ, նաև ծնողների շուրթերից լսել և հրամանատարների կողմից հետևողական աշխատանքներ կատարել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ, որն անչափ կարևոր է»,- նշել է Սեյրան Օհանյանը: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը` ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին և Սեյրան Օհանյանին` ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար՝ ընդգծելով, որ ծրագիրն իսկապես անհրաժեշտ է ու սպասված: Այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր