211652_close_icon
views-count1161 դիտում article-date 16:33 26-05-2015

Ձեռքբերումները շատ են և դեռ պիտի ավելանան. Արմեն Երիցյան

Մայիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Երիցյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին նաև ՀՀ բոլոր մարզպետները: Ասուլիսի հիմնական թեմաներն էին օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի և վերջին շրջանում նախարարության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: - Ավանդաբար մենք պարբերաբար հանրությանը ներկայացնում ենք մեր աշխատանքի արդյունքները,- ասաց նախարարը,- իհարկե եղել են թե ձեռքբերումներ, թե բացթողումներ, սակայն ամփոփելով` կարող ենք ասել, որ մենք կատարել ենք մեր առջև դրված խնդիրները և ձեռքբերածով չենք բավարարվելու: 2014 թ. մենք համագործակցության լուրջ քայլեր ենք արել մի քանի խոշոր երկրների հետ` Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Ճապոնիա, ճգնաժամային կառավարման կենտրոններ ենք հիմնել 5 մարզում, և առաջիկա օրերին նման կենտրոններ կբացենք ևս 2 մարզում: Ես կարևորում եմ ահազանգերի տեղայնացումը, քանի որ մենք պիտի փորձենք հնարավորինս մոտ ու օգտակար լինել բնակչությանը: Մեր ձեռքբերումներից է վերջերս Մոսկվայում ՌԴ ԱԻ նախարարության հետ ստորագրված համաձայնագրով մեր երկրում ստեղծվող ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը: Այնտեղ մոտ 40 մլն դոլարի ներդրում է արվելու, և այդ կենտրոնը դառնալու է տարածաշրջանում հնարավոր աղետների արձագանքման լավագույն կենտրոններից: Ա. Երիցյանը կարևորեց նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողա-փրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան փրկարարական թիմ ունենալու նախաձեռնությունը. - Աշխարհում ընդամենը 34 երկիր ունի նման թիմ, որոնց թվում են, օրինակ` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ճապոնիան, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ընդգրկվել այդ շարքում: Նշեմ, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտավորվել է որակավորում անցնելու համար ու ձախողվել: Հենց այս պահին էլ մեծ ուսումնավարժություն է ընթանում, որտեղ մեր միջազգային փրկարարական թիմերը վերջին պատրաստությունն են տեսնում սեպտեմբերին կայանալիք որակավորման քննությունը հանձնելու համար: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին` ՏԿԱԻ նախարարը հայտնեց, որ ընթացքի մեջ են Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները. - Դրանց ավարտին մեր ռուս գործընկերները խոստացել են մեզ մի քանի խոշոր փրկարարական ուղղաթիռ տրամադրել: Լուսակերտում կառուցել ենք մեծ ուսումնական կենտրոն, որտեղ ուսուցանվում և վերապատրաստվում են թե ապագա, թե գործող փրկարարները: Կուզենայի խոսել նաև Գառու դիտարանի և այնտեղ գտնվող եզակի դեֆորմոգրաֆի մասին: Դիտարանի վերանորոգման աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են և մոտ ապագայում այն կգործարկվի: Ասուլիսին ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց նաև տարածքային կառավարման ոլորտի աշխատանքները. - Ես այցելել եմ հանրապետության սահմանամերձ բոլոր 32 համայնքներ, զրուցել բնակիչների, համայնքապետերի ու մարզպետների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին: Գիտեք, որ ներկայումս իրականացնում ենք համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր, անցկացվեց հանրաքվե: Իհարկե, անելիքներ դեռ շատ կան, մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, քանի որ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ սա կօգնի լուծել շատ խնդիրներ ու կավելացնի ներդրումները: Մենք հավասարապես աշխատում ենք բոլոր ուղղություններով ու վստահ եմ, որ միասին ավելի շատ նվաճումներ ենք ունենալու: Ասուլիսին ներկա լրագրողներին հիմնականում հետաքրքրում էին ռուս-հայկական արձագանքման կենտրոնի, Ստեփանավանի օդանավակայանի, համայնքների խոշորացման, մարզային ՃԿԿ-ների ու շտապօգնության համագործակցության, բնական պաշարների օգտագործման հետ կապված վտանգների վերաբերյալ հարցերը: Լրագրողներից մեկի խնդրանքով անդրադառնալով վերջերս գազալցակայաններում գրանցված դեպքերին` ՏԿԱԻ նախարարը նշեց, որ մոտեցումն ավելի է խստացվելու, որպեսզի նման դեպքերը հնարավորինս բացառվեն:

Նմանատիպ նյութեր