211652_close_icon
views-count1128 դիտում article-date 18:25 25-05-2015

Չեխիայի հետ առկա է առևտրատնտեսական գործակցության խորացման մեծ ներուժ. Հ. Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Վարչապետը շնորհավորել է պարոն Միկիսկային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Չեխիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ, ինչի իրացման գործում վարչապետը կարևորել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, բիզնես ֆորումների անցկացումն ու գործարար կապերի սերտացումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել չեխական կողմին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար: Դեսպան Միկիսկայի խոսքով՝ Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը և առևտրատնտեսական կապերի խորացումը: Պարոն Միկիսկան վստահություն է հայտնել, որ կան մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և ներդրումներ ներգրավելու համար: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հայ-չեխական համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին մասին՝ Պետր Միկիսկան վստահություն է հայտնել, որ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով փոխշահավետ համագործակցությունը կթևակոխի նոր փուլ և կարձանագրվեն ձեռքբերումներ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-չեխական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր