Արդարադատության նախարարությունը և Փաստաբանների պալատը խորացնում են համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մայիսի 21-ին ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն նախարարության համակարգում փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպման, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի կազմման, համաժողովների, սեմինարների համատեղ կազմակերպման
ուղղություններով:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դրա արդյունքում կողմերի ջանքերը կբազմապատկվեն և յուրաքանչյուր կառույցի առջև դրված խնդիրներն էլ ավելի արդյունավետ կիրականացվեն:
Նախարարի խոսքով՝ Փաստաբանների պալատի հետ համագործակցությունն արդեն առարկայական է. մասնավորապես՝ դատական ոլորտում եղել են մի շարք կարգավորումներ և նախադեպեր, որոնք ծնվել են նաև փաստաբան գործընկերների առաջարկությունների հիման վրա: