ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը
Մայիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը, որը պատգամավոր Արպատ Ավանեսյանը:
6-րդ գումարման նստաշրջանի բացմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Ողջույնի խոսքով հանդես է եկել հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Երկրի նախագահը նշել է, որ ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները կարեւոր հիմք են նորընտիր Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքի համար, որը որպես մշտական հիմունքներով գործող խորհրդարան պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից:
Համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի, տեղի է ունեցել պատգամավորների երդման արարողությունը, որից հետո հրապարակվել է 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական կազմը:
Ձայների 28 կողմ եւ 5 դեմ հարաբերակցությամբ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, նախորդ երկու գումարումների խորհրդարանի նախագահ, պատգամավոր Աշոտ Ղուլյանը (առաջարկության հեղինակ` «Ազատ հայրենիք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արթուր Թովմասյան):
Համաձայն կանոնակարգային պահանջի` նստաշրջանի աշխատանքն այնուհետ վարում էր Ազգային ժողովի ընտրյալ նախագահը: