Գերմանիան փոխհատուցում կվճարի խորհրդային ռազմագերիներին
Գերմանիայի կառավարությունը ծրագրում է ֆինանսական փոխհատուցում տալ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ նախկին խորհրդային 4000 ռազմագերիների: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
Գաղափարին հավանություն են տվել ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունները: Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նույնպես աջակցում է Բունդեսթագի ծրագրին:
Խորհրդարանը դեռ պետք է քվեարկության դնի նախագիծը և այն ընդունելու դեպքում Գերմանիայի կառավարությունը նացիստական ճամբարներում կրած տանջանքների համար ռազմագերիներին կվճարի 2,500-ական եվրո փոխհատուցում:
Սակայն դեռ պարզ չէ՝ փոխհատուցումը նախատեսված է միայն Ռուսաստանի՞, թե՞ նախկին Խորհրդային միության երկրների վետերանների համար նույնպես:
Ընդհանուր առմամբ 1941-1945 թթ-ներին նացիստական ճամբարներում եղել է 5 մլն 300 հազար խորհրդային ռազմագերի: Նրանցից 1,8 միլիոնից ավելին պատերազմի ավարտից հետո վերադարձել է տուն: