211652_close_icon
views-count726 դիտում article-date 12:08 20-05-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին` Հայաստանում խաղողագործության և գինեգործության ներկա վիճակի քննարկման և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր հեռանկարները նախանշելու նպատակով: «Ֆրանսիան ունի հարուստ փորձ խաղողագործության և գինեգործության ոլորտներում, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ֆրանսիացի մասնագետների հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտների զարգացումն ավելի է կարևորվում` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս կապակցությամբ Սերգո Կարապետյանն ընդգծել է Հայաստանում հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելու հեռանկարով: Նշելով, որ միջազգային, այդ թվում` ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունի նաև հայկական կաթնամթերքը, նախարարը կարևորել է համագործակցության զարգացումը պանրագործության ոլորտում: Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է տեղական սորտերի վերականգնման և պահպանման այգի, նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր նախաձեռնությունը ևս կհետաքրքրի ֆրանսիացի մասնագետներին: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ այցի ընթացքում ծանոթանալով հայ գինեգործության ավանդույթներին, համոզվել են`ՀՀ-ում այս ոլորտն ունի զարգացման լայն հեռանկարներ: Որպես խաղողագործության և գինեգործության բնագավառներում փոխգործակցության ընդհանուր եզրեր` ֆրանսիացի փորձագետները մատնանշել են, մասնավորապես, ֆրանսիական ընկերությունների հետ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման, հայկական խաղողի տեսականու դասակարգման նպատակով տեխնիկական կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանի ներդրումային և արտահանման ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունը: Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Հայաստանում կատարված դիտարկումների արդյունքներն առաջիկայում կամփոփվեն մեկ փաստաթղթի մեջ և կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Ֆրանսիացի պատվիրակները նաև վստահեցրել են, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները կփոխանցեն իրենց երկրի շահագրգիռ կողմերին` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները հայ-ֆրանսիական գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր