Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի հետ հանդիպմանը կնախապատրաստվի Թբիլիսիում
Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստվելու է Թբիլիսիում: Պորտուգալացիները նախապատրաստական փուլն անցկացնելու են Թբիլիսիի՝ Մեսխիի անվան մարզադաշտում: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան:
Սիչինավան հայտնել է, որ պորտուգալացիները Վրաստանի մայրաքաղաքում չորս օր կանցկացնեն:
«Մենք դեռ մարտին գիտեինք, որ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի հետ հանդիպմանը նախապատրաստվելու և մարզումներ են անցկացնելու Վրաստանում: Բավական մեծ տեխնիական խումբ եկավ, նրանք զննեցին մարզադաշտի, հյուրանոցի վիճակը, ամեն ինչից գոհ մնացին: Առաջին մարզումը տեղի կունենա հունիսի 8-ին, իսկ 13-ին նրանք կմեկնեն Երևան», հայտնել է Սիչինավան:
Նշենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին՝ Երևանում: Պորտուգալացիները առայժմ խմբի առաջատարն են, իսկ Հայաստանի հավաքականը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: