947 դիտում
17:20 19-05-2015
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանին
Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Եվրոպայի խորհրդի 36 անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ և այլ անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։
Ելույթ ունենալով նստաշրջանին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Եվրոպայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցի համար, և նշեց, որ Հայաստանը կիսում է զեկույցում տրված գնահատականն առ այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների և իրավական պետության ամրապնդումը կարող են էլ ավելի նպաստել Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության արմատավորմանը։
«Մենք համոզված ենք, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը չպետք է և չի կարող պայմանավորվել այն տարածքի կարգավիճակով, որտեղ ապրում են ժողովուրդները։ Խոսելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզվով՝ որևէ անձ՝ անկախ իր բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ուստի, խրախուսելի են գլխավոր քարտուղարի ջանքերը՝ շարունակելու բացահայտել Եվրոպայի խորհրդի չափանիշների կիրառումը կազմակերպության իրավասության ողջ տարածքում», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարարն, անդրադառնալով Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նշեց.
«Մայիսի 3-ին Արցախն անցկացրեց իր վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հավատարմության հերթական վկայությունն են։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակաբար նշել են Արցախի իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով իրենց բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական ճանապարհով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Վերջին ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարությունում համանախագահները վերահաստատեցին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը իր ապագան որոշելու գործում»։
Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Համանախագահները հստակ մատնանշել են լարվածության պատասխանատու կողմին: Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանին՝ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ սահմանին ներխուժումների կապակցությամբ, ուղղակիորեն կոչ արել Բաքվին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները մտահոգություն են հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների հասցեին Բաքվից հնչող անհիմն քննադատության առնչությամբ: Ադրբեջանական շարունակական սադրանքները զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացության քարոզով։ Ավելին, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, մտավորականները և լրագրողները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են, հայտնվում են ճաղերի հետևում։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, ահազանգել են հայերի հանդեպ ատելություն սերմանող այդ քաղաքականության մասին»:
Նախարար Նալբանդյանը, ԵԽ անդամ երկրների արտգործնախարարներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդն, ընդգծեց.
«Ծայրահեղականության, բռնության և ահաբեկչության աճը, որին մենք ականատես ենք, այն մեծագույն սպառնալիքներից մեկն է, որին այսօր մենք բախվում ենք։
Ռասիզմը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը ոտնահարում են մարդու արժանապատվությունը, հասարակությունների ներսում թշնամու կերպար են ստեղծում, այդպիսով, վտանգելով հասարակական ներդաշնակությունը։ Պատմության դառը փորձից մենք գիտենք, որ սա կարող է հանգեցնել ատելությունից դրդված հանցագործությունների, և նույնիսկ՝ մարդկության դեմ ոճրագործությունների։
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս արհավիրքի մասին իրազեկվածությունը և անելու առավելագույնը՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը՝ միջազգային հանրության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հարգանքի տուրք մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին և միասնաբար բացականչում՝ «այլևս երբեք»»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ այս ապրիլին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին իրենց մասնակցության և ներդրումի համար:
Նմանատիպ նյութեր
637 դիտում
15:48 18-05-2015
Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցելու է ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանին
1092 դիտում
18:43 05-03-2014
Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին