Ռուսաստանը Ավստրիայից պահանջում է արտահանձնել «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավարին
Ռուսաստանը հայց է ուղարկել Ավստրիայի իշխանություններին՝ «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովին արտահանձնելու խնդրանքով, հաղորդում է Interfax-ը:
Միևնույն ժամանակ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ գործակալությանը իրազեկ աղբյուրը հայտնել է, որ մեղադրյալի փաստաբան Իլնուր Սալիմյանովին ոչինչ հայտնի չէ այդ մասին:
Հետաքննության կարծիքով՝ Ուրալ Ռահիմովը ապօրինաբար տիրացել է ընկերության բաժնեմասերին՝ օգտվելով իր հոր՝ Բաշկիրիայի նախկին ղեկավար Մուրթազ Ռահիմովի զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև, որ Ուրալը ապօրինաբար վաճառել է «Սիստեմա»-ի բաժնեմասը: Այժմ Մոսկվայի Բասմանի դատարանը արտոնել է Ուրալ Ռահիմովի ձերբակալությունը: Վերջինիս նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հիշեցնենք, որ «Բաշնեֆտ»-ի գործով ֆիգուրանտ է նաև մեր հայրենակից, գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի բաժնեմասերը յուրացնելու և վաճառելու մեջ: