Հոսանքի սակագնի թանկացումն այսօր որոշ պատգամավորների այնպես էր բարկացրել, որ անգամ նրանց բարձրախոսները անջատեցին եւ ընդմիջում հայտարարեցին
Ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել 58 եւ 48 դրամ:
Այս վիճահարույց հարցի շուրջ այսօր ԱԺ-ում բուռն տարաձայնություններ տեղի ունեցան: Նախ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով լսումներ կընթանան ԱԺ-ում, որին կմասնակցեն էներգետիկ քաղաքականության համար պատասխանատու բոլոր պատասխանատուները՝ ընդգծելով, որ բոլորը ցանկանում են լուծում գտնել:
Պատգամավորներից շատերը մինչեւ այդ փորձեցին բարձրաձայնել խնդրահարույց այս հարցը, սակայն Գալուստ Սահակյանը անջատել տվեց բարձրախոսները՝ պատճառաբանելով, թե հարցը այսօրվա նիստերի օրակարգից դուրս է, ինչից հետո տարաձայնություն առաջացավ եւ ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի առաջարկով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց: Դրանից հետո փորձեցին ԱԺ նիստը շարունակել: