Նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի ԿԳ նախարար Էլվիրա Սարիևայի հետ
                        Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի կրթության և գիտության նախարար Էլվիրա  Սարիևայի հետ:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ  ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրին մասնակցության համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը մասնակից բոլոր երկրների համար  լավ հնարավորություն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Ղրղզստանի նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ շեշտել է, որ տպավորված է գագաթաժողովի աշխատանքների կազմակերպվածությամբ և հույս  հայտնել, որ երևանյան գագաթաժողովը  օգտակար կլինի նաև Ղրղզստանի կրթական համակարգի միջազգայնացման գործընթացի համար: 
Հյուրը նշել է, որ ինքը Երևանում հասցրել է այցելել է մի քանի ուսումնական  հաստատություններ և տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում կրթության ոլորտի միջազգային նախագծերը՝ շեշտելով, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի կազմակերպելու միջազգային  չափանիշներին համապատասխան հանրակրթական  և բարձրագույն ծրագրեր, որը  հրաշալի հնարավորություն է նաև ԵՏՄ անդամ պետությունների  դպրոցականների ու ուսանողների համար՝ միջազգային կրթություն ստանալու առումով: ՀՀ ԿԳ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել միջազգային փորձի փոխանակման և ոլորտի բարեփոխումների աջակցության հարցում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

