211652_close_icon
views-count1267 դիտում article-date 16:57 10-10-2014

«Անավարտ երկխոսություն». ճանաչված օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը հանդես կգա ստեղծագործական երեկոյով

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները: Մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում կներկայանա ինքնատիպ ստեղծագործական երեկոյով. կթերթվեն Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը: Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թ. Թբիլիսիում: Մասնագիտական կրթություն ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում: 1962 թվականից, որպես մեներգչուհի հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Էլվիրա Ուզունյանը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում: Վերջին տարիներին արտիստուհին բնակվում է ԱՄՆ-ում: Տասնամյակներ շարունակ Է. Ուզունյանը մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հանդես է եկել հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ակտիվորեն համագործակցել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կոմպոզիտորների հետ` դառնալով նրանց ստեղծագործությունների առաջին կատարողը:

Նմանատիպ նյութեր