Իրանի ատոմային գործակալության ղեկավարը շտապ վիրահատության է ենթարկվել
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին շտապ վիրահատվել է: Այս մասին հաղորդել է արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
66-ամյա Սալեհիի դերը իրանական միջուկային հարցով բանակցություններում չափազանց բարձր է գնահատվում:
«Նրա վիճակը ներկա պահին բավարար է: Վիրահատվել է Սալեհիի աղիքի մի հատված: Նա հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օրից»,-ասել է Իրանի առողջապահության նախարար Հասան Հաշեմին:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայու մեկնարկում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունները սկսվելու են Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի և Եվրամիության արտաքին դիվանագիտության հարցերով տնօրենի տեղակալ Հելգա Շմիդտի հանդիպումով:
Քննարկվելու է համապարփակ համաձայնագրի մշակման վերջնական տարբերակը, իսկ բանակցությունները ուրբաթ՝ մայիսի 15-ին, կշարունակվի իրանական պատվիրակության և «Վեցյակի» անդամների քաղտնօրենների մակարդակով: