211652_close_icon
views-count10154 դիտում article-date 19:33 03-02-2014

Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի տղայի նամակը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

ՀՀ պաշտպանության նախարար Պարոն Ս.Օհանյանին Հարգարժան նախարար. Տոհմիկ ծագումով Կապանի շրջանի Ծավ գյուղից եմ , բայց ճակատագրի բերումով ծնվել ու տարիք եմ առել Արմավիրի շրջանի Լուկաշին գյուղում: Ծնվել եմ չարաբաստիկ 1941թ. ապրիլի 18-ին: Հաշված օրեր անց պայթեց Մեծ հայրենականը, և միլիոնների պես հայրս էլ մեկնեց ռազմաճակատ: Ես այլևս նրան չտեսա ու չեմ էլ հիշում: Միայն տարիներ անց պետք է գիտակցեի հորս սխրանքի արժեքը և օրինավոր հպարտություն ապրեի նրանով: Այո´, հայրս զոհվեց, բայց ես հպարտացա, որովհետև իմ հայրը խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանն էր: Ցավո˜ք, 2013թ. հունիսի 2-ին նոր աղետ պատուհասեց օջախիս: Նշված օրը ավտովթարի արդյունքում զոհվեց 21-ամյա թոռնիկս` Կարեն Ղազարյանը: Մեծ վիշտ ապրեցինք և այսօր էլ տառապում ենք կորստի անսահման ցավով: Այս անգամ հպարտության փոխարեն զարմանք ապրեցի: Այս անգամ հպարտանալու հերթը հարբած ավտովարորդ Էմիլ Գրիգորյանի հոր` Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի (փ/գնդապետ) հերթն էր, որովհետև նրա որդին` Էմիլը, մարդասպանության համար չձեռբակալվեց և այսօր էլ շարունակում է ապրել միայն իրեն հատուկ լկտի ու ամբարտավան կյանքով: Էմիլի տխրահռչակ համբավի մասին կապանցիները շշուկով են խոսում, իսկ առավել համարձակներն ու բարձրաձայնողները անմիջապես հայտնվում են փոխգնդապետ Լ. Գրիգորյանի թիրախում: Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ մինչև ավտովթարը Էմիլի կատարած մի շարք խուլիգանությունների համար քրեական գործ էր հարուցվել և այդ տարօրինակ դատավարությունը ձգձգվելով շարունակվում է առայսօր: Այն գրավել էր նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ուշադրությունը, որը [url=https://shamshyan.com/old/arm/AEN8q9Tlx2.html]ժամանել էր Կապան[/url] և … նույնպես զարմացել : Այս ամենը, իհարկե, իրավապահ մարմինների գործն է և եթե կարող են` թող նրանք էլ զբաղվեն: Մեծարժան նախարար. Ամենամիամիտ մարդն էլ կարող է հասկանալ, որ Է. Գրիգորյանը վայելում է իր զինկոմ հոր ուսադիրների հովանավորությունը: Բայց մի՞թե կարելի է շահարկել միայն ակնածանք ներշնչող փոխգնդապետի ուսադիրների պատիվը: Հարգարժան պարոն Օհանյան. Հավաստիացնում եմ, որ և´ որպես զինկոմ, և´ որպես փոխգնդապետ, և´ որպես մարդ Լ. Գրիգորյանը Կապանում սպառել է իրեն: Խնդրում եմ նրան խորհուրդ տաք զբաղվելու միայն իր հսկա ռեստորանային համալիրի գործերով: Դրանով դուք փրկած կլինեք և´ փոխգնդապետի ուսադիրների փառքը, և´ կանխած կլինեք Լ. Գրիգորյանի լակոտի հետագա չարագործությունները: Շնորհակալություն: Հ. Ավետիսյան ք. Արմավիր, գ. Լուկաշին [b]Լուսանկարում Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանն է [/b]

Նմանատիպ նյութեր