211652_close_icon
views-count1722 դիտում article-date 12:21 07-05-2015

Կկիրառվի՞ արդյոք կարմիր գծերի պրակտիկան Վանաձորում. lorinews.am

Մայիսի 7-ին կայանալիք Վանաձոր համայնքի ավագանու օրակարգային հարցերից մի քանիսը բուռն քննարկումների առիթ հանդիսացան ինչպես սոցիալական ցանցում, այնպես էլ Ազգային Ժողովում: Օրակարգային հարցերից մեկով քննարկվելու էր կենտրոնական միանգամից երեք փողոցներում ավտոկայանատեղիների կազմակերպման կարգը սահմանելու մասին հարցը: Այս առիթով Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցիալական ցանցի իր էջում հայտարարեց, թե Վանաձորում փորձ է արվում կիրառել այսպես կոչված «կարմիր գծեր»-ի պրակտիկան: Պատգամավորի այս հայտարարությունը նպաստեց հասարակության շրջանում որոշակի լարվածության, վանաձորցի վարորդների շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Ի վերջո, ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ չարաբաստիկ հարցը, որը օրակարգ մտավ, ապա հանվեց օրակարգից: Հաջորդ ոչ պակաս բուռն քննարկման առարկա դարձած հարցը կրկին նույն օրակարգից էր: Ավագանու քննարկմանն էր ներկայացվում առաջարկ, ըստ որի վաճառքի է հանվում համայնքին պատկանող 3 աղբատար ավտոմեքենա այն դեպքում, երբ ըստ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ մեքենաները տրամադրվել են USAID-ի կողմից: Բանը հասավ նրան, որ նշված պատգամավորը նաև անձնական վիրավորանք հասցրեց Վանաձորի քաղաքապետին:[url=http://lorinews.am/glxavor-temaner-1/4044-kkirarvi-ardyoq-karmir-gceri-praktikan-vanadzorum.html] Lorinews.am[/url]-ը ստեղծված իրավիճակի, օրակարգային երկու սկանդալային հարցերի շուրջ զրուցել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք Վանաձորում փորձ է արվում կիրառել կարմիր գծեր»-ի պրակտիկան, ունի՞ արդյոք իրավունք քաղաքապետարանը՝՝ ի դեմս քաղաքապետի, վաճառքի հանել արտասահմանյան կազմակերպության կողմից նվիրաբերված գույքը և ոչ միայն: [b]-Պարոն Դարբինյան, առաջիկա ավագանու նիստում ներառված մի շարք հարցեր բուռն քննարկումների պատճառ դարձան, մասնավորապես կենտրոնական մի շարք փողոցների վրա ավտոկայանատեղիների կազմակերպման կարգը սահմանելու մասին հարցը, ինչի հետ կապված պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցիալական ցանցում հայտարարեց, թե փորձ է արվում Վանաձորում կիրառել «կարմիր գծեր»-ի պրակտիկան: Հարցը սակայն հանվեց օրակարգից, ի վերջո, ի՞նչ էր դա իրենից ներկայացնում: [/b] -Մենք «կարմիր գծերի» խնդիր չենք դրել։ Ամբողջ ՀՀ-ում կանգառների մասին կա 2 կարգ, որոնք կառավարությունն է հաստատել։ Առաջինն այն է, որ հիմնարկություններն իրենց հարող տարածքները պետք է վարձակալությամբ վերցնեն, որպեսզի դրանք ծառայեն իրենց տրանսպորտային միջոցների կանգառի համար, երկրորդն էլ այն է, որ քաղաքը պետք է տուրք սահմանի, և որևէ կազմակերպության կամ հենց քաղաքապետարանի կողմից պետք է տրամադրվեն ավտոկանգառներ, որպեսզի քաղաքացիները մուտք ունենան այնտեղ։ Ասօր օրինակ, Մյասնիկյան փողոցում, Տիգրան Մեծի պողոտայում մեքենաները կայանում են, և քանի որ վարձավճար չեն տալիս, ամբողջ օրվա ընթացքում այդտեղ էլ թողնում են, իսկ եթե վարորդն իմանա, որ 1 ժամից հետո ինքը պետք է 200 դրամ վճարի, նա իր մեքենան կտեղափոխի, և այն քաղաքացիները, որոնք տվյալ տարածքում գործ ունեն և մեքենայի կանգառի տեղ չլինելու պատճառով կարգ են խանգարում՝ ՃՈ կողմից օրինական ձևով տուգանվելով, այլևս խնդիր չեն ունենա։ Քաղաքացիների խնդիրները լուծելու համար մենք փորձում ենք ամեն ինչ կարգավորել, բայց ոչ կարմիր գծերի եղանակով, ինչպես Երևանում եղավ…։ Քաղաքում ավտոկանգառների կարգավորման խնդիրը քաղաքի, համայնքապետի և ավագանու հարցն է, և այն պարտադիր պետք է օրինական լուծում ունենա։ [b]-Ավագանու օրակարգում ներառված հարցերից երեքը ևս թեժ քննարկումների առիթ դարձան, մասնավորապես 3 աղբատար մեքենաների վաճառքը աղբահանող կազմակերպություններին այն դեպքում, երբ ըստ պատգամավորներից մեկի հայտարարության, այն նվիրաբերվել է Վանաձորին USAID-ի կողմից: [/b] - USAID-ի կողմից դա նվիրաբերություն չի եղել։ Մենք 2005 թ. համատեղ գումար ենք ներդրել և մեքենաները գնել։ Տարիների ընթացքում այդ մեքենաները գիշեր-ցերեկ շահագործվել են։ Ընդ որում մենք դրանք վարձակալությամբ տվել ենք աղբահանող ձեռնարկություններին, և նրանք յուրաքանչյուր մեքենայի համար ամսական 120000 դրամ վարձավճար են տվել։ Այսօրվա դրությամբ յուրաքանչյուր մեքենայի դիմաց արդեն 10 մլն դրամից ավել գումար ենք հավաքագրել։ 3 մեքենան էլ կապիտալ վերանորոգման կարիք ունեն։ Ամենօրյա տեխնիկական վերահսկողությունը հիմնարկութան վրա է, իսկ վերանորոգումները պետք է կատարի գույքի տերը՝ համայնքը։ Որպեսզի մենք յուրաքանչյուր մեքենայի վրա 2,5- 3 մլն դրամ լրացուցիչ ծախս չանենք, որոշեցինք մեքենաները տվյալ կազմակերպություններին վաճառելու հարց բարձրացնել, որպեսզի նրանք, իրենց հաշվեկշռում ունենալով մեքենաները, կարողանան ծախսեր կատարել։ Նրանք գիտեն, որ տեխնիկապես սարքին վիճակում գտնվող մեքենաներ ունենալու դեպքում միայն թույլ կտանք մրցույթի մասնակցել։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://lorinews.am/glxavor-temaner-1/4044-kkirarvi-ardyoq-karmir-gceri-praktikan-vanadzorum.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր