211652_close_icon
views-count1667 դիտում article-date 16:00 06-05-2015

Ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները մոտենում են ավարտին. տեսանյութ

Հայաստանի հյուսիսային դարպաս տանող ճանապարհի այս հատվածում ասֆալտը դեռ չի հասցրել գույնը փոխել: ճանապարհաշինարարները 15 օր առաջ են ավարտել փոսալցման աշխատանքները: Երևանից մինչև Լեռնային Ղարաբաղի սահման ձգվող Մ-2 միջպետական մայրուղով անցնելիս անզեն աչքն էլ կտեսնի՝ ճանապարհի մեծ ու փոքր հատվածներում կատարվել են ծավալուն աշխատանքներ: Արարատ-Եղեգնաձոր-Վայք՝ մինչև Սյունիքի զանգեր կոչվող հատվածում ամբողջությամբ ավարտվել է փոսալցումը, տեղադրված են ճանապարհային նշանները: Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ճանապարհները սպասարկում են ճանապարհաշինական 7 կազմակերպություններ, որոնք ընտրվում են մրցույթով՝ 5 տարի ժամկետով: Այս տարի պետք է անցկացվի նոր մրցույթ՝ հաջորդ 5-ամյա ժամանակահատվածի համար. այն իրականացվում է ՀՀ կառավարության N 1419 որոշման համաձայն: Սիսիան-Գորիս հատվածի սպասարկման աշխատանքներն իրականացնում է «ՈՍՄԱՐ» ՍՊԸ-ն: Գարնան առաջին ամսվա ավարտի հետ ընկերությունն արդեն էլ վերջացրել է ճանապարհի ձմեռային պահպանության աշխատանքները և ինտենսիվ կերպով ձեռնամուխ եղել ասֆալտապատ ճանապարհահատվածների նորոգմանը, բացակայող նշանների, վնասված կողնակների վերականգնմանը: «ՈՍՄԱՐ» ՍՊԸ գործադիր տնօրեն Նելսոն Ոսկանյանը տեղեկացրեց, որ ըստ ժամանակացույցի կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առավել ինտենսիվ փոսայնություն ունեցող ճանապարհահատվածներում աշխատանքներն իրականացվում են տարվա ընթացքում երեք անգամ։ Մինչ այս պահը ընկերությունը կատարել է 2800 քմ աշխատանքային ծավալով փոսալցման և ճանապարհի պահպանության այլ աշխատանքներ: Առաջիկայում Գորիս-Կապան 40 կմ ճանապարհահատվածում կիրականացվեն փոսալցման աշխատանքներ՝ 2300 քմ ընդհանուր ծավալով: Ընկերության ղեկավարը խոստանում է, որ մայիսի 20-ից հետո այս հատվածում չնորոգված ճանապարհ չի լինի: Նելսոն Ոսկանյանը տեղեկացրեց նաև, որ հարկ եղած դեպքում աշխատանքներում ներգրավվում են նաև այլ կազմակերպություններ՝ գործը ժամանակին, որակով և տեխնոլոգիական չափանիշներին համապատասխան կատարելու համար: Ճանապարհաշինական ընկերություններին ներկայացվող մրցութային պահանջները տարեցտարի խստացվում են. «Մեզ մոտ տեղի են ունենում վերազինումներ: Խորհրդային մեխանիզմներից կամաց-կամաց անցնում ենք նոր արտադրողականություն և ավելի մեծ արդյունավետություն ունեցող մեխանիզմների»,- ընդգծեց Ն. Ոսկանյանը։ Նշենք, որ այս ճանապարհահատվածն ընդգրկված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 4-րդ տրանշում, որի շրջանակներում կկառուցվի առաջին կարգի բարձրակարգ ճանապարհ: Այս մասով տարվում են ակտիվ աշխատանքներ: Մասնավորապես, վերջնական տեսքի է բերվում նախագիծը, կատարվում են ուսումնասիրություններ: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ այս հատվածում՝ 2400մ բարձրությամբ լեռան ստորոտում, որի վրայով անցնում է ներկայիս ճանապարհը, նախատեսվում է կառուցել ճանապարհային թունել: Ճանապարհների սպասարկման գարուն-ամառ-աշուն ընթացքն այս տարի մեկնարկել է ապրիլի մեկից: Հայաստանի ամբողջ տարածքով 2015թ. ընթացքում ըստ նախնական հաշվարկի կիրականացվի շուրջ 160 հազար քմ փոսային նորոգում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանի խոսքով՝ առաջին փուլով փոսային աշխատանքներ են կատարվում, որպեսզի ապահովվի բնականոն երթևեկություն, հաջորդ փուլով իրականացվում է կողնակների հարթեցում, կողային առուների մաքրում, աղբի ամենօրյա հավաքում, նշանների վերականգնում, ձմեռվա ընթացքում վնասված արգելափակոցների վերականգնում: 2014թ. համեմատությամբ՝ այս տարի 10-15 հազար քմ-ով ավելացել են ճանապարհների փոսային նորոգման ծավալները: Պատճառը 20 տարուց ավելի չհիմնանորոգված ծածկն է, որը տարեցտարի ավելի է քայքայվում: «Ամեն տարի ծածկն ավելի մաշվում է, ավելի շատ փոսեր են առաջանում։ Մոտավոր հաշվարկներով՝ անցած տարվա համեմատ այս տարի մոտ 10-15 հազար քմ-ով ավելի փոսային նորոգում կարվի»,- նշեց Հ. Բաղդասարյանը: Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները վերակառուցելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տարվում են բանակցություններ, հանդիպում-քննարկումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ներդրողների հետ, ինչպես օրինակ՝ Համաշխարհային բանկի դեպքում է, որի տրամադրած վարկի շրջանակներում 2013-ից «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով արդեն իսկ հիմնանորոգվել են շուրջ 73 կմ հանրապետական և համայնքային ճանապարհներ, ևս 133 կմ նախատեսվում է վերականգնել 2015-2016 թթ: Ի դեպ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ վերջին հանդիպման ընթացքում էլ Համաշխարհային դրամատան ներկայացուցիչը տեղեկացրեց լրացուցիչ 40 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու պատրաստակամության մասին, որով 2016-2019 թթ. նախատեսված է հիմնանորոգել շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Մանրամասները՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր