Ֆրեզնոյում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթող
Մայիսի 5-ին Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման արարողություն, որին մասնակցեցին ավելի քան 4000 մարդ՝ հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: Կարմիր ժապավենը կտրեցին Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, Ֆրեզնոյի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը:
«Ցեղասպանությունը որոշիչ է եղել այստեղ հավաքված և ամբողջ աշխարհում սփռված հայերի ճակատագրում: Եվ մենք գիտենք, որ այստեղ կանգնած հուշարձանը ոգեշնչող է. մենք երբեք չենք մոռանա», - իր խոսքում նշեց Կալիֆորնիայի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն:
«Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանք է ոչ միայն հայերի, այլև պատմության նկատմամբ: Այն անարգանք է նաև ճշմարտության, արդարադատության ու մարդկության նկատմամբ», - իր ելույթում նշեց ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը:
Նույն օրը Ֆրեզնոյի փողոցներին մեկի՝ Սանտա Կլարայի մի հատվածն անվանակոչվեց «Armenia»: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան նշեց, որ անվանակոչությունը Ֆրեզնոյի քաղաքային իշխանության համար հնարավորություն է՝ քաղաքի սերն ու գնահատանքն արտահայտել հայ համայնքի նկատմամբ, որը մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում:
«Մենք այսօր ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը: Սակայն նաև մատնանշում ենք հայ ժողովրդի վերածնունդը: Մի ժողովուրդ, որը դիմակայեց դժվարություններին, հաստատվեց տարբեր վայրերում, նաև՝ Ֆրեզնոյում, և կառուցեց նոր տուն», - իր ելույթում նշեց տիկին Սորիան:
[img]/ups/images/0644526001430909690659123.jpg[/img]