211652_close_icon
views-count1248 դիտում article-date 15:24 15-12-2015

Մոնրեալում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Դեկտեմեբրի 10-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի Ողջակիզման Կենտրոնում Կանադայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովի և Ողջակիզման Կենտրոնի կազմակերպմամբ բացվեց «Մուսա լեռան 40 օրը. դիմադրության վկայություն Հայոց ցեղասպանության իրադարձությունների կենտրոնում» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին: Ցուցահանդեսին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ, տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Մոնրեալի Հրեական Ողջակիզման կենտրոնի նախագահ Դանիել Ռաբինովիչը, կենտրոնի գործադիր տնօրեն Ալիս Հերսկովիչը, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը, Մոնրեալի Ցեղասպանությունների ուսումնասիրության և մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Ֆրենկ Չոքը, Մուսա լեռան հերոսամարտի զինվորական ղեկավար, հայկական լեգիոնի հերոս սպա, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Մովսես Տեր-Գալուստյանի որդին` Վազգեն Տեր-Գալուստյանը, Մոնրեալում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը` ցուցահանդեսը հովանավորելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ ընդունված բանաձևերի համար։ Դեսպանը մասնավորապես նշեց. «Ցուցահանդեսն իր առանձնահատուկ տեղն ունի ողջ տարվա ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում: Դրանց միջոցով վերահաստատվեց, որ Հայոց ցեղասպանությունն իրագործողների հիմնական նպատակը տապալվեց, քանզի հայ ժողովուրդը ոչ թե ոչնչացվեց, այլ, ընդհակառակը, իր մեջ ուժ գտավ` հաղթահարելու Ցեղասպանության անագորույն դժվարությունները և կարողացավ ապրել իրական վերածնունդ` ավելի համախմբվելով և կուռ դառնալով։ Հայ ժողովուրդը Մուսա լեռան մեր հայրենակիցների գենն է իր մեջ կրում: Մենք հիշում ենք մեր հերոսներին և խոնարհվում նրանց առջև»: Նույն օրը` ցուցահանդեսի շրջանակներում, կայացավ նաև պրոֆեսոր Յաիր Աուրոնի «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ազդեցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի հրեական դիմադրության վրա» թեմայով դասախոսությունը։ Ցուցահանդեսը գործելու է մինչև 2016թ. փետրվարի 11-ը:

Նմանատիպ նյութեր