211652_close_icon
views-count1496 դիտում article-date 18:38 05-05-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը` Արցախի ԱԺ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազատ Արցախի ժողովրդին, նախագահին եւ քաղաքական ուժերին ժողովրդավարական, միջազգային ստանդարտներին համապատասխանող խորհրդարանական ընտրության անցկացման կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենատ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձում: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը նրա ուղերձը ներկայացնում է ստորեւ. Արցախը հարազատ է Երկրապահի համար, անձամբ ինձ համար: Արցախյան գոյամարտը Երկրապահի կենսագրության կարեւորագույն էջերից է: Իսկ պառլամենտարիզմի նշանակությունը, խորհրդարանի դերը ես կարեւորել եմ դեռ պատերազմական ծանր տարիներին: Այդ պատճառով էլ, թեժ պատերազմական կռիվներին զուգընթաց, դեռ 1992-ին Հադրութի ընտրատարածքից ընտրվել եմ Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր: Արցախն ու արցախցին մի լրացուցիչ անգամ հասկացնել տվին ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որ իրենք առավել ժողովրդավար են, առավել կայացած պետություն են, քան Ադրբեջանը: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհն արդեն համոզված է, որ ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող Արցախը չի կարող լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում: Այս ընտրությունը աշխարհի բոլոր հայերի հաղթանակն էր: Արցախի ժողովրդին եւ նախագահին շնորհավորելով՝ ես կամենում եմ շնորհավորել նաեւ ընտրությունների արդյունքում պառլամենտական դարձած բոլոր կուսակցություններին: Այս կառույցների ղեկավարներին անձամբ ճանաչում եմ եւ լիովին համոզված եմ, որ նրանք բոլորն էլ ողջ էությամբ նվիրված են Արցախ պետության կայացման սուրբ գործին: Շնորհավորանքներս խորհրդարանում մեծամասնություն կազմած «Ազատ հայրենիք» կուսակցությանը: Այս կուսակցության առաջնորդ, վարչապետ Արա Հարությունյանը մեր վաղեմի բարեկամն է, ազատամարտիկ երկրապահ է ուղնուծուծով: Շնորհավորանքներս Ազգային ժողովրդավարական կուսակցությանը: Այս կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ Արցախի պառլամենտը տարիներ շարունակ ազգանպաստ գործունեություն է ծավալել: Շնորհավորանքներս 125-ամյա հայ հեղափոխական դաշնակցությանն ու այդ կուսակցության համամասնական ցուցակի առաջնորդ Արթուր Աղաբեկյանին: Աղաբեկյանը իմ մարտական ընկերն է, հերոսական կենսագրությամբ ԵԿՄ վարչության անդամ: Շնորհավորում եմ նաեւ 5 տոկոսի արգելքը առաջին անգամ հաղթահարած «Շարժում 88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցություններին: Այս ուժերի առաջնորդները եւս նվիրյալ հայրենասերներ են: Վիտալի Բալասանյանին նույնպես դեռ պատերազմական ծանր տարիներից եմ ճանաչում, նա եւս նվիրվածությունը հայրենիքին գործով է ապացուցել: «Ազգային վերածնունդ» երիտասարդ կուսակցությունը եւս ապացուցում է, որ Արցախ պետությունն իր համար բացարձակ արժեք է: Շնորհավորանքներ նաեւ Ազգային Ժողովում չհայտնված ուժերին: Այս կառույցներն էլ հաջորդ ընտրություններում կարող են հաղթահարել ցանկալի շեմը: Ամփոփելով՝ Արցախում կայացած ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների փաստի կապակցությամբ շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ժողովրդին: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան

Նմանատիպ նյութեր