211652_close_icon
views-count2324 դիտում article-date 11:55 03-05-2015

Դամալայում նշեցին գյուղի օրը. ֆոտոշարք, տեսանյութ

Ապրիլի 28-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի ղեկավարությունը գտնվում էր Երևանում, որտեղ վերջինիս նախաձեռնությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ երևանաբնակ դամալացիների հավաք: Հանդիպմանը քննարկվել են գյուղի հիմնախնդիրները, առաջիկայում իրականացվելիք սոցիալական, մշակութային ծրագրերը, մայիսի 1-ին տեղի ունենալիք ավանդական «Դամալայի օր» տոնակատարության կազմակերպման հարցերը: Երևանաբնակ և աշխարհասփյուռ դամալացիների հաջորդ հանդիպումն արդեն հայրենի գյուղում էր, որտեղ մայիսի 1-ին տեղի ունեցավ ավանդական «Դամալայի օր» միջոցառում-տոնակատարությունը: Մայիսի 1-ը Դամալայում կրում է նաև «Հայ- վրացական բարեկամության կամուրջ» խորագիրը: Գյուղի տոնը ավանդաբար նշվում է արդեն 2008թ., երբ վերանորոգվեց եւ օծվեց Դամալայի եկեղեցին: Այս տարի ևս միջոցառումն իրականացվում էր Դամալա գյուղի ղեկավարության և նախաձեռնող խմբի կողմից՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կազմակերպական օժանդակությամբ: Եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո բոլոր հյուրերը շարժվեցին դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձան, որտեղ բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց Ցեղասպանության հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողի մոտ: Բարձրաստիճան հյուրերի շարքում էին Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, քաղաքական-կառավարականայրեր, Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից ընտրված հայազգի պատգամավոր, Ախալցխայի քաղաքապետը,Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանային ժողովների նախագահները, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների ղեկավարները, ՋԱՀ-ի անձնակազմը, հասարակական եւ մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր ամբողջ Աամցխե-Ջավախք տարածաշրջանից: «Դամալայի օր» հանդիսույթի շրջանակներում ազդարարվեց նաև գյուղում իրականացվող ծավալուն ծրագրերից մեկի` գյուղի մշակույթի տան վերակառուցման մեկնարկը, որը վերանորոգվում է ինչպես աշխարհասփյուռ դամալացիների, այնպես էլ ՋԱՀ-ի` ծնունդով դամալացի բարերարների նյութական նվիրատվության միջոցներով: Միջոցառման ընթացքում հնչած բազմաթիվ ելույթներին հաջորդեց գյուղի մշակույթի տան վերանորոգման նպատակով «Դամալա» հիմնադրամի կողմից նախաձեռնված դրամահավաքը, որի ընթացքում հավաքվեց մոտ 20 000 ԱՄՆ դոլար: Միջոցառման հանդիսավոր արարողության շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ)` վերջին շրջանում իրավաբանական անձի կարգավիճակ ստացած վրաստանյան ներկայացուցչության շնորհանդեսը: ՋԱՀ-ի ընթացիկ`«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացավ Դամալայի 2015 թ. առաջին շահառուն` Ասպինձայի շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանի ընտանիքը, որի հարկի տակ լույս աշխարհ է եկել երրորդ արու զավակը: Որպես բարեգործական քայլ` Է. Բալոյանն իր հերթին նորածին զավակի` Կարեն Բալոյանի անունից ստացած գումարը տեղում փոխանցեց 2013 թ. հիմնադրված և գյուղում գործող «Դամալա» հիմնադրամին: Դամալայի օրվա տոնակատարություններն ուղեկցվում էին մշակութային-գեղարվեստական կատարումներով: ՋԱՀ-ը տոնակատարության աջակցության շրջանակներում Դամալա էր հրավիրել ողջ հայության կողմից սիրված ժողովրդական երգիչ, Ջավախքի զավակ Մավր Մկրտչյանին, որի անզուգական կատարումները միջոցառմանն առանձին տրամադրություն հաղորդեցին: Հավելենք, որ երգչի մասնակցությունը տոնակատարությանը ևս կրում էր բարեգործական բնույթ: Պարերով հանդես եկան նաև «Դամալա» երգի ու պարի համույթը, դպրոցի սաները եւ Ասպինձայի վրացական երգի ու պարի համույթները: Միջոցառման ավարտին բոլոր հյուրերի համար կազմակերպվեց հյուրասիրություն և ներկաներին բաժանվեց մատաղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր