211652_close_icon
views-count4991 դիտում article-date 20:39 02-05-2015

Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ դրվող ծաղիկների երկրորդ կյանքը. Ֆոտոռեպորտաժ

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, հարյուր հազարավոր ծաղիկներ են դրվում: Իսկ ապրիլի 24-ից օրեր անց այդ ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում ու ոչնչացվում էին: 2010թ. ի վեր, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում անցկացվում է «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը: Այս տարի, ծաղիկների հսկայական քանակությունը հաշվի առնելով, ծաղկահավաքը տևեց երկու օր՝ ապրիլի 27-ին և 28-ին: Միջոցառման նշանակության և ընթացքի վերաբերյալ ArmenianGenocide100.org-ը զրուցել է հիմնադրամի փոխտնօրեն և միջոցառման համակարգող Եվա Մարտիրոսյանի հետ: – Ինչպե՞ս առաջ եկավ նախաձեռնությունը: Ի՞նչ է տեղի ունենում ծաղկահավաքի արդյունքում: – Նախաձեռնությունը մեկնարկել է 2010 թվականին: Գաղափարը ծագեց նրանից, որ որոշեցինք «երկրորդ կյանք» հաղորդել անմար կրակի մոտ բերվող միլիոնավոր ծաղիկներին, քանի որ դրանք ապրիլի 24-ից հետո դուրս էին բերվում և այրվում աղբավայրերում։ Եվ քանի որ մեր կազմակերպությունը վերամշակման միջոցով թուղթ ստանալու փորձ արդեն ուներ, որոշեցինք նույն փորձը կիրառել նաև այս դեպքում: Գործընթացը հետևյալն է․ թոշնած ծաղիկները հավաքվում են, ծաղկաթերթերը անջատվում են ցողուններից և փաթեթավորումից, այնուհետև դրանք չորացվում են չորանոցներում՝ մոտ երկու-չորս շաբաթ, և հումք են դառնում վերամշակված ձեռակերտ թղթի համար: Թղթի ամեն կտորը անհատապես է պատրաստվում՝ հատուկ տեխնոլոգիայով: Այնուհետև այդ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որն այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս: Մեր կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է А3 ձևաչափի 40 թուղթ։ Իսկ ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, որը նվիրաբերում ենք Հիշողության պուրակի (Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում –խմբ.) հողը հարստացնելու համար: – Ի՞նչ խորհուրդ և նշանակություն ունի ծաղկահավաքը: – Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանք լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Բացի նշված բնապահպանական նշանակությունից, ծաղկահավաքը նաև խորհրդանշական իմաստ ու նշանակություն ունի։ Ծիծեռնակաբերդ այցելող մարդիկ այդ օրվա խորհրդի հետ կապված իրենց զգացումներն են ներդնում խոնարհվող ծաղիկներում, որոնք իրենց մեջ կյանք են կրում նաև։ Իսկ ծաղկահավաքի արդյունքում դրանք, արդեն նոր կյանք ստանալով, շարունակում են կրել իրենց խորհուրդը: Բացի այդ, ծաղկահավաքը նաև մեր հասարակության մեջ որոշակի մշակույթ, վերաբերմունք ձևավորելու նշանակություն ունի՝ զարգացնելու նման դեպքերում մեկ քայլից ավելին անելու ունակություն և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվություն։ Ապրիլի 24-ը բոլորիս համար խորքային նշանակություն ունի, և շատ կարևոր է առաջ բերել այն գիտակցությունը, որ միայն ծաղիկ գնելն ու անմար կրակի մոտ խոնարհելը բավարար չեն։ Չէ՞ որ այդ ծաղիկները կենդանի բնության մի մասնիկն են, և կարևոր է այդ մշակույթը ձևավորել՝ տեսնելու, թե ինչ է կատարվում դրանց հետ այդ օրվանից հետո: – Ովքե՞ր են մասնակցում ծաղկահավաքին: – Մեր կազմակերպության անդամներից բացի, ծաղկահավաքին հարյուրավոր կամավորներ են մասնակցում: Մեզ համար՝ որպես կազմակերպություն և այս միջոցառման նախաձեռնողներ, շատ կարևոր է, որ տարեցտարի ավելանում է միջոցառմանը կամավոր մասնակցել ցանկացողների թիվը։ Բացի անհատներից, նաև բազմաթիվ հասարակական, միջազգային կազմակերպություններ, կրթական հաստատություններ են աջակցում մեզ, հատկապես մեծ թվով դպրոցականներ են մասնակցում՝ իրենց ուսուցիչների հետ միասին: Շատ կարևոր է, որ բոլոր մասնակիցները խորապես գիտակցում են ծաղկահավաքի խորհուրդն ու նշանակությունը։ Մեծ թվով մարդիկ, որոնք հուշահամալիր այցելելիս են միայն տեղեկանում միջոցառման մասին, ևս ցանկություն են հայտնում միանալ և մասնակցել: Ունենք նաև հուշագիրք, որտեղ միջոցառման մասնակիցները իրենց տպավորություններն են գրառում ծաղկահավաքի վերաբերյալ. դա ևս ոգևորիչ փաստ է մեզ համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր