211652_close_icon
views-count13781 դիտում article-date 20:50 29-04-2015

Երևանում բախվել են 02-ն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազի տեղակալի Mitsubishi Pajero-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում Համանուն այգու դիմաց բախվել են Mitsubishi Pajero մակնիշի 403 GG 01 համարանիշի և ВАЗ 2102 մակնիշի 34 VF 868 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արմեն Արզումանյանն ու Ռոման Չիլինգարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Mitsubishi Pajero-ի վարորդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազի տեղակալն է եղել, իսկ 02-ի վարորդի և վիրավորի ինքնությունը ճշտվում է: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, քանի որ մի երիտասարդ, ում վրայից ալկոհոլի հոտ էր փչում, փորձում էր խոչընդոտել ճանապարհային ոստիկանների աշխատանքը, հայհոյանքներ տալով հարվածում էր 02 մակնիշի ավտոմեքենային: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը 02-ի վարորդն է, ով ոչ թույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել, այնուհետև ստեղծել է վթարային իրավիճակ և բախվել Mitsubishi Pajero-ին, ինչից հետո դուրս է եկել ավտոմեքենայից և մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը սկսել անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դեպքի վայրում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր