DEMYC-ի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 25-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, այնուհետև եղևնի են տնկել հիշատակի ծառուղում և ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ այս օրերին Հայաստանում գտնվող եվրոպական ամենահին ու ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկը՝ DEMYC-ը, ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։
DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան ընդգծել է, որ իրենք Հայաստանում են՝ ոչ միայն ամրապնդելու Եվրոպայի արևմտյան և արևելյան հատվածների միջև կապը, այլև Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին իրենց աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին և այն կազմակերպությանը, որ հյուրընկալել է իրենց՝ ՀՀԿ երիտասարդական կառույցին, հայտնում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը: