211652_close_icon
views-count2000 դիտում article-date 10:15 25-04-2015

Երբ ԱՄՆ-ում ստեղծվեցին Հայ Դատի հանձնախմբերը, նրանք իրենց առաջ նպատակ դրեցին` ճանաչում, տնտեսական հատուցում, մեր հողերի վերադարձ. ՀԱ

Ստորև ներկայացնում ենք մի հատված միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Կարո Քամարյանի (ԱՄՆ) հետ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցից. « -Եվրոպական տերությունները Թուրքիայից հիմնականում ակնկալում են Հայոց ցեղասպանության ճանաչում, հայ ժողովրդից ներողության հայցում: Բայց արդյոք դա կարո՞ղ է բավարարել հայրենազրկված հայությանը: -Ամենևին ոչ: Մեր ուղին շատ հստակ է: Երբ ԱՄՆ-ում ստեղծվեցին Հայ Դատի հանձնախմբերը, նրանք իրենց առաջ նպատակ դրեցին` ճանաչում, տնտեսական հատուցում, մեր հողերի վերադարձ: Հետևաբար մեզ չի կարող գոհացնել այն, որ Թուրքիան մեկ օր ասի` Առաջին համաշխարհայինի ժամանակ եղել են դեպքեր, կատարողները մեր նախնիներն են, ցեղասպանություն էլ են գործել, բայց հիմա մենք ձեզ ասում ենք` ներեք և ակնկալում ներում: Այն, որ Թուրքիան դա է ուզում անել` նշաններն արդեն նկատվում են: Եթե այս իրավիճակում մենք հանկարծ իրենց ընդառաջ գնացող նման միտք հայտնենք, ապա շատ բան կկորցնենք: -Ուրեմն Ցեղասպանության դիմաց փոխհատուցում ասելով՝ ի՞նչ պետք է հասկանանք, ո՞րն է մեր պահանջը Թուրքիայից: -Կան միջազգային ուժեր, որոնք կարող են մեզ այնպիսի անկյուն մղել, որ մենք ոչ թե պահանջենք ու ստանանք այն, ինչ ուզում ենք, այլ այն, ինչ իրենք մեզ կթելադրեն` պայմանավորված սեփական շահերով: Միամիտ չենք և լավ ենք հասկանում, որ և՛ ՆԱՏՕ-ի երկրները, և՛ Ռուսաստանը, նաև մեր հարևան Վրաստանն ու Իրանը, ամեն մեկն էլ ունի իր շահը: Ուրեմն մեր խնդիրն է մեծ տերությունների շահերի, հետաքրքրությունների շրջանակ մղել Հայկական հարցի լուծումը: Տեսեք. գերտերությունների համար մտահոգիչ չէ, որ Հայաստանը բավարարվի ընդամենը ֆինանսական հատուցմամբ. մի «չեկ» կգրեն, ասենք` 100 մլրդ դոլարի, կվճարեն ու դրանով հարցը կփակեն: Սակայն նրանք կանգնում են երկընտրանքի առաջ այն ժամանակ, երբ հայության կողմից հնչում է հողատարածքների վերադարձման պահանջը: Իսկ դա լոկ հողատարածք չէ մեզ համար, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, որտեղից մեզ տեղահանել են, արմատախիլ արել: Եվ այս ամենի դիմաց Թուրքիայից մեր պահանջը մեկն է` վերադարձնել մեր հայրենիքը: Սա նշանակում է սահմանների փոփոխություն, և ահա մեծ տերությունները սկսում են հաշվարկել` Հայաստանի սահմանների ընդլայնմամբ իրենք որքանո՞վ կշահեն կամ կտուժեն: Մենք լավ գիտենք, որ Արևմտյան Հայաստանի հողատարածքներով են անցնում գազի խողովակներ: Մեծ Բրիտանիան միլիարդավոր գումարներ է ծախսել դրանց կառուցման ու գազը Եվրոպա հասցնելու համար: Ուրեմն կարող են հարց տալ` ինչպե՞ս կլուծվի գազային հարցը, եթե սահմանները փոխվեն: Սա իրենց համար մեծ մտահոգություն է: Բացի դրանից, Արևմտյան Հայաստանի տարածքում են գտնվում ԱՄՆ ռազմակայանները, այստեղ էլ ԱՄՆ-ը կուզենա հասկանալ` ի՞նչ կլինի դրանց ճակատագիրը: Այլ միջազգային տնտեսական հարցեր ևս կան, օրինակ, Եփրատի ջրի օգտագործման հարցը: Հիմա այս գլոբալ քաղաքականության մեջ մեր խնդիրը պետք է լինի առաջ տանել մեր շահը, այսինքն` համոզել ԱՄՆ-ին, եվրոպական տերություններին, որ Հայաստանի սահմանների ընդլայնմամբ նրանց ունեցածը փոփոխման չի ենթարկվի, համոզել, որ Հայաստանի սահմանների մեծացումը իրենց համար ավելի օգտակար կլինի, քան մեծ Քրդստանի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նաև Թուրքիային պետք է հասկացնել, որ իր համար ավելի նպաստավոր կլինի իր հարևանությամբ ունենալ Հայաստան, քան Քրդստան» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր