211652_close_icon
views-count1087 դիտում article-date 13:17 22-04-2015

Սահմանամերձ բնակավայրերն աջակցություն կստանան

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քանի 3.7 մլն դրամ: Կառավարությունը ոռոգման նպատակով Սևանա լճից 2015թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը սահմանել է մինչև 170 մլն խոր. մետր: Նիստում ի գիտություն է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման և ծախսման հաշվետվությունը, ըստ որի պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների և քարերի ընդունման երկու և բաց թողնման մեկ գործարք: Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: ՀՀ կառավարության 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման համաձայն 2014թ. հունվարի 29-ին կնքվել է ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը: Դրանից հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունը, քննարկել պայմանագրի որոշակի դրույթներ և վերաձևակերպել դրանք: Արարատի մարզի Լանջազատ համայնքի բնակչության բուժսպասարկումը բարելավելու նպատակով հիմնվել է «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը կսպասարկի նաև Բարձրաշենի բնակչությանը: Կառավարությունը հաստատել է դպրոցական տարբեր ծրագրերի գծով 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները: Արդյունքում տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտական կաբինետները՝ նոր ուսումնական նյութերով, հատուկ դպրոցների սաները կապահովվեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով:

Նմանատիպ նյութեր