211652_close_icon
views-count1136 դիտում article-date 23:29 17-04-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

Ապրիլի 16-ին Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի նախաձեռությամբ քաղաքապետարանի շենքի ճակատային մասում ամրացվեցին «1915-2015 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ երկու պաստառները: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ ցուցահանդեսներ, համերգային միջոցառումներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ: Միջոցառմանը ներկա էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Նիցցա քաղաքի քաղաքապետ, պատգամավոր Քրիստիան Էստրոզին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուսելիեն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելում հավատագրված գլխավոր հյուպատոսներ, այլ քաղաքների քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ օտարերկրյա այցելուներ: Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը նշեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար` իր 80000 մարսելահայերով, որոնցով Մարսելը դարձել է հայկական ամենամեծ քաղաքը Ֆրանսիայում: Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում ողջունեց Հռոմի Պապի` ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ընդունած բանաձևը և վերջին շրջանում բազմաթիվ երկրների և ազգային խորհրդարանների կողմից ընդունված օրենքները, որոնցվով ճանաչվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Քաղաքապետը կրկին հաստատեց, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները միանշանակ ցեղասպանություն են, և համոզմունք հայտնեց, որ Ֆրանսիան կընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը: Նա նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված անմեղ հայերի հիշատակին, նմանատիպ պաստառներ կփակցվեն Մարսելի բոլոր թաղապետարանների շենքերի ճակատներին: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում: Ֆրանսիական հանրահայտ «La Provence» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Քաղաքապետարանն իր աջակցությունն է ցուցաբերում հայերին» վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց

Նմանատիպ նյութեր