211652_close_icon
views-count1085 դիտում article-date 21:50 17-04-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ Մոսկվայում

Ապրիլի 15-ին Մոսկվայում գտնվող Ռուսաստանի ռազմապատմական միության ցուցասրահում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և մեծ ողբերգության թեման արտացոլող «Ի հիշողություն սերունդների» խորագրով հայ և ռուս հեղինակների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը նախաձեռնել էին Ռուսաստանում հայ երիտասարդության կոնգրեսը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը` ՌԴ Մշակույթի նախարարության և ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ մշակույթի փոխնախարար Գրիգորի Փիրումովը: Դեսպան Եսայանն իր խոսքում ընդգծեց. «Սա ոչ միայն մեծ ողբերգություն է, այլև մեծ ոճրագործություն: Օսմանյան կառավարության կողմից նախադեպը չունեցող այս ոճրագործության արդյունքում ոչնչացվեց Արևմտյան Հայաստանում բնակվող 2 միլիոն հայ բնակչությունից 1.5 միլիոնը: Իսկ հրաշքով փրկված ու տեղահանված հայերը սփռվեցին աշխարհով մեկ»: Դեսպանը հավելեց, որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը վերստին երախտագիտության խոսքեր է հղում բոլոր այն պետություններին և ժողովուրդներին, որոնք ճանաչել և դատապարտել են Օսմանյան կայսրությունում 1915թ. իրագործված հայ ժողովրդի ցեղասպանությունը: Ցուցահանդեսը, որին ներկայացված են ինչպես երիտասարդ, այնպես էլ անվանի ստեղծագործողների աշխատանքներ, կգործի մինչև ապրիլի 30-ը: Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոսկվայի «ЮВС» ցուցասրահում բացվեց «100 տարի անց. 20-րդ դարի առաջին կեսի հայ գեղանկարիչները» խորագրով ցուցահանդեսը (նախագծի համակարգող` Էլեն Նաշիկյան), որին ներկայացված են 20-րդ դարասկզբի անվանի հայ նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց հայտնի աշխատանքները: Իր ողջույնի խոսքում դեսպան Եսայանը կարևորեց 20-րդ դարի առաջին կեսի հայ մեծանուն նկարիչների աշխատանքների ցուցադրման կազմակերպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային` Օլեգ Եսայանը նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը կհանդիսանա նոր սկիզբ 20-րդ դարի մեծ ողբերգության ճանաչման և դատապարտման գործընթացում: «Իրագործված ոճրագործությունը, որպես երևույթ, որը ծնեց այս մեծ ողբերգությունը, կվերանա իրականությունից ու կդառնա պատմություն սոսկ իր ճանաչման պարագայում ոչ միայն ողջ աշխարհի, այլև հենց Թուրքիայի կողմից», - ընդգծեց դեսպանը:

Նմանատիպ նյութեր