211652_close_icon
views-count1015 դիտում article-date 17:08 18-04-2015

Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

Ապրիլի 17-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի, Ռուսաստանի Հանրային խորհրդի ու Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայի «President» հյուրանոցում տեղի ունեցավ «Հանցանքն առանց վաղեմության ժամկետի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը, մոսկովյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների մասնագետներ և հայտնի քաղաքագետներ, դիվանագետներ, լրագրողներ: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Եսայանը, ով, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի գործունեությանը, խոսեց իրականացված նախաձեռնությունների մասին: Դեսպանն իր խոսքում շեշտեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի կազմակերպման կարևորությունը` որպես Մեծ Եղեռնի վերաբերյալ գիտական զեկույցների և վերլուծությունների ներկայացման և ցեղասպանությունների կանխարգելման հարցում փորձագիտական քննարկումների ծավալման հարթակ: «Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված այս գործընթացը, քանի որ դա վերաբերում է մեր ազգային անվտանգությանը: Ի վերջո, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ` մենք կրում ենք պատասխանատվություն ոչ միայն մեր ժողովրդի եկող սերունդերի առջև: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը պետք է դառնա այս պայքարի առաջամարտիկը», - նշեց դեսպան Եսայանը: Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, միջտարածաշրջանային «Հոլոքոստ» հիմնադրամի փոխնախագահ Իլյա Ալտմանն և այլոք: Գիտաժողովը շարունակվեց ռուսաստանյան հայտնի մասնագետների կողմից թեմատիկ զեկույցների ներկայացմամբ

Նմանատիպ նյութեր