1902 դիտում
23:25 14-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
Ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն աջակցությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի ու «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում կայացավ «Հիշում եմ և պահանջում» խորագրով հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառմանը մասնակցեցին Ռուսաստանի պետական, քաղաքական, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ և ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, դեսպաններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, լրագրողներ:
Հուշ երեկոն մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աղոթքով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հանդիսանում է Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում նոր և առավել նպատակային սկիզբ: «Ելնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ ունեցած իր պարտքից և պատասխանատվության զգացումից` հայ ժողովուրդը հետագայում ևս կշարունակի արդարության վերհաստատմանն ուղղված իր համառ պայքարը, քանի որ միայն համընդհանուր ճանաչումը, դատապարտումը և ապաշխարումը կարող են հնարավորություն ստեղծել` վերացնելու ցանկացած նմանատիպ ոճրագործության հետևանքները», - նշեց դեսպան Եսայանը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ներկաներին ուղղված իր խոսքում ներկայացրեց 1915թ. Օսմանյան կայսերությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված Ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ իրականացվող ոճրագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության համախմբման կարևորությունը: «Ցեղասպանության կանխարգելումն այն նպատակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային հանրությունը: Մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ, զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային պայքարում, Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության վերհաստատման հարցերում», - նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Միջոցառման մասնակցող ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևն իր ելույթում նշեց, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: «Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է: Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի Ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար», - ընդգծեց Նիկոլայ Լևիչևը: ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք հայտնեց, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:
Հուշ երեկոն շարունակվեց Մոսկվայի` Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» երաժշտական դրամատիկ բեմադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նմանատիպ նյութեր
1040 դիտում
20:37 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
1334 դիտում
21:21 26-01-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում
975 դիտում
17:22 13-02-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հալեպում
Այս բաժնից
1120 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
733 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար
1387 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին