211652_close_icon
views-count1283 դիտում article-date 19:00 16-04-2015

Դասախոսություն «Հայ-թուրքական հարաբերությունները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական իստիտուտ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում ապրիլի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների համար անցկացվել է դասախոսություն «Հայ-թուրքական հարաբերությունները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով: Դասախոսությունը վարել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը: Խոսելով ցեղասպանության մասին՝ նա պաշտպանել է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի այն տեսությունը, որ Արմենոցիդը (Հայոց ցեղասպանությունը) ճանաչված իրողություն է և ժամանակն է այն տեղափոխել իրավական հարթություն, քանի որ քաղաքական հարթությունում արդեն ճանաչելի է: Բանախոսը նաև պաշտպանել է մեր պատմագիտության մեջ գերակայող Հայոց ցեղասպանության պարբերացման տեսակետը, որ Ցեղասպանությունը սկսվել է դեռևս 1890-ական թթ և ավարտվել 1920-ական թթ.՝ այդ ընթացքում փոխելով երեք կառավարություն՝ աբդուլհամիդյան, իթթիհատական և քեմալական: Այնուհետև Ալեքսանդր Սաֆարյանը ներկաներին ծանոթացրել է «Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հռչակագրին» և զորակցություն հայտնել այնտեղ ձևակերպված դրույթներին: «Հռչակագիրն իր մեջ ամփոփում, բյուրեղացնում է մեր տարբեր իրավաբանների, քաղաքագետների, պատմաբանների աշխատանքների արդյունքները և համահունչ է մեր ժողովրդի իղձերին»,-ընդգծել է նա: Ըստ Սաֆարյանի՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումն ունի ոչ միայն բարոյական ասպեկտ, այլև ենթադրում է վնասների փոխհատուցում: Այս տեսանկյունից կարևոր է միջազգային իրավունքի և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում հայաստանցի և սփյուռքահայ մասնագետների անելիքը: Դասախոսության ավարտին Ալեքսանդր Սաֆարյանը պատասխանել է ունկնդիրներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական-քաղաքական հետևանքներին: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր