211652_close_icon
views-count1344 դիտում article-date 19:20 15-04-2015

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Այն մեծ դերակատարում է ունեցել եւ այսօր էլ ունի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շատ կարեւոր է հայրենիք-սփյուռք միասնականության գիտակցումը. միայն դրա արդյունքում մեզ կհաջողվի հասնել մեր համազգային խնդիրների լուծմանը: Թուրքիայի իշխանությունները, արհամարհելով առաջադեմ մարդկության կոչերը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն չեն ճանաչում եւ դատապարտում այն, այլեւ պետականորեն իրականացնում են ժխտողական քաղաքականություն: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք պետք է միասնաբար պայքարենք ոչ միայն Ցեղասպանությունը դատապարտելու, այլեւ թուրքական ժխտողականությունը քրեականացնելու ուղղությամբ: Կարծում եմ, որ մեր միասնական պայքարի, ինչու չէ նաեւ Թուրքիայի նման քաղաքականության հետեւանքով տարեցտարի ավելանալու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող երկրների թիվը»: Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցի:

Նմանատիպ նյութեր